Ըստ «Վրաստանի համար» կուսակցության` ՌԴ-ն անեքսիայի նոր փուլ է սկսել Ցխինվալիում

«Վրաստանի համար» կուսակցությունն արձագանքել է Մարատ Կամբոլովի նշանակմանը որպես օկուպացված Ցխինվալիի դե ֆակտո վարչապետ։

Կուսակցությունը Կամբոլովին անվանել է «ռուս պաշտոնյա», իսկ նրա նշանակումը որպես դե ֆակտո վարչապետ՝ «Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած ևս մեկ քայլ Վրաստանի ինքնիշխանությունը խաթարելու նպատակով»։

«Օկուպացիոն ռեժիմի ձեռնարկած, այսպես կոչված, «կառավարության փոփոխությունները»  և Մոսկվայից վերահսկվող Ռուսաստանի դաշնային կառավարության գործող պաշտոնյայի նշանակումը խամաճիկ ռեժիմի կարևոր պաշտոններում` պարզ կադրային ռոտացիա չեն։ Օկուպացված Ցխինվալիի շրջանում Ռուսաստանի Դաշնությունը սկսել է Վրաստանի տարածքի անեքսիայի նոր փուլ։ Սա, այսպես կոչված, «Դաշնային փոխգործակցության խորացման մասին համաձայնագրի» գործնական իրականացումն է, որը ստորագրվել է Մոսկվայի և Ցխինվալիի ռեժիմի միջև այս տարվա մայիսին։

Մեր թիմի համար երկրի ապաօկուպացիան և ռուսական բռնակցման դադարեցումը մնում են ազգային բարձրագույն առաջնահերթություն։ Մենք թույլ չենք տա Վրաստանի պետականության դեմ ուղղված այս չափազանց դժվար գործընթացի նորմալացումը և կշարունակենք պայքարը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ բոլոր միջազգային հարթակներում։

Մենք կրկին դիմում ենք Վրաստանի խորհրդարանին և կառավարությանը՝ դադարեցնել լռությունը, վերադառնալ սահմանադրական շրջանակներին, վերականգնել միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքը և աջակցել անեքսիայի դեմ բանաձևին», — ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։