Փրկարարները գտել են լճում կորած ձկնորսների դիակները

Գարդաբանիի շրջանում, վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Ջանդարիի լճում փրկարարները գտել են դիակներ, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվել է օրեր առաջ անհայտ կորած ձկնորսների դիակներն են եղել։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Ջանդարի լճում ձկնորսների նավակն ուժգին քամին քշել էր անցյալ շաբաթ։ Նրանց որոնման համար փրկարարներին էին միացել նաև ջրասուզակներ, ջերմային անօդաչու սարքեր, ուղղաթիռ։

«Ձկնորսների որոնողական աշխատանքներն իրականացվել են ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանի տարածքում։ Հատուկ սարքավորումների օգնությամբ իրականացվել է լճի ստորջրյա դիտարկում՝ զուգահեռաբար վերահսկելով լճի առափնյա տարածքները», — ասված է հայտարարության մեջ: