«Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիայի փաստաբան Շոթա Թութբերիձեն հայտնել է, որ բանտում գտնվելու ընթացքում ընդդիմադիր քաղաքական գործչի առողջական վիճակը վատթարացել է։
Փաստաբանի խոսքով՝ Էլենե Խոշտարիան պարբերաբար ունենում է հոդերի շարժունակության սահմանափակում, ինչի պատճառով երբեմն չի կարողանում նույնիսկ գրել, իսկ տեղաշարժվելիս նրան ձեռնափայտ (հենակ) է անհրաժեշտ։
«Արդեն 10 ամիս է, ինչ Էլենե Խոշտարիան ապօրինի գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ 4 ամիս առաջ սկսվեց նրա առողջական վիճակի փուլային և զգալի վատթարացումը։
Ամեն տեսակցության ժամանակ մեզ՝ նրա փաստաբաններիս համար, ակնառու են ախտանիշները, որոնք կարող են մատնանշել տագնապալի դրության մասին։ Դրանք են՝ հոդերի ուժգին ցավը, տեղաշարժման դժվարությունը և պարբերաբար հոդերի շարժունակության սահմանափակումը, ինչի պատճառով նա երբեմն չի կարողանում նույնիսկ գրել, իսկ տեղաշարժվելիս նրան ձեռնափայտ է պետք։
Էլենե Խոշտարիան չէր պատրաստվում հանրայնացնել այս տեղեկությունը, սակայն այն բանից հետո, երբ համոզվեց, որ ինչպես բանտի բժշկական անձնակազմը, այնպես էլ հիմնարկի տնօրենը պատշաճ ուշադրություն չցուցաբերեցին, որոշեց իր վիճակի մասին տեղեկությունը հայտնել հանրությանը։ Էլենեն որևէ բողոք չունի հիմնարկի աշխատակիցներից՝ մասնավորապես բուժքույրերից ու սպաներից։ Սակայն հարկ է նշել հիմնարկի բժշկական անձնակազմի և տնօրենի վերաբերմունքն այս հարցին. այս 4 ամսվա ընթացքում նրանց իրականացրած բժշկական հետազոտություններն ու պրոցեդուրաները համակարգված, պարբերական և արդյունավետ չեն։
Քանի որ մինչ օրս նա չունի անհրաժեշտ պատասխաններն ու բուժման պլանը, մենք Էլենեի բուժող բժիշկների հետ խորհրդատվություն ենք անցել Թուրքիայի կլինիկայում։ Թուրք բժիշկների գնահատմամբ՝ առանց պատշաճ բուժման, առողջական վիճակի հետագա վատթարացման դեպքում Էլենեի առողջությանը կարող է հասցվել անդառնալի վնաս։ Օրինակ՝ նա այլևս չի կարողանա տեղաշարժվել առանց հաշմանդամության սայլակի։ Թուրք բժիշկների ուղարկած գնահատականներն ու հանձնարարականները մոտ 2 ամիս առաջ ստանալուն պես` փոխանցվել են N5 քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմին։
Դրա հետ մեկտեղ, արդեն երկու շաբաթ է, ինչ Էլենե Խոշտարիայի փաստաբանը դիմել է քրեակատարողական հիմնարկին՝ քաղաքական բանտարկյալի բուժման պլանի մշակման, ներկայացման և հանդիպման կազմակերպման պահանջով։ Մինչ օրս այս դիմումին որևէ պատասխան չենք ստացել, ինչը ևս մեկ անգամ հստակ ի ցույց է դնում քրեակատարողական ծառայության անտարբեր վերաբերմունքը կալանավորների առողջության և նրանց հանդեպ օրենքով նախատեսված պարտավորությունների նկատմամբ»,- հայտարարել է փաստաբանը։