Վրաստանում միջքաղաքային տրանսպորտը թանկացել է

Վրաստանում միջքաղաքային ուղղություններով ուղևորափոխադրումների սակագները վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել են։

BM.GE-ի փոխանցմամբ՝ Բաթումիի և Քութաիսիի ուղղությամբ ուղևորության արժեքն ավելացել է 5 լարիով, իսկ Թելավիի ուղղությամբ միկրոավտոբուսների սակագինը մնացել է անփոփոխ։

«Օկրիբա» ավտոկայանի իրավաբան Պաատա Կվավաձեն հայտարարել է, որ որոշակի ուղղություններով, այդ թվում՝ Բաթումիի, Քութաիսիի և Մարտվիլիի երթուղիներում, գները փոխվել են առնվազն մեկ ամիս առաջ։

«Նախորդ ամսվա մոտավորապես 19-ն էր, երբ տեղի ունեցավ փոփոխությունը»,- նշել է «Օկրիբա»-ի իրավաբանը։

Վարորդներից մեկն ասել է, որ դեպի Բաթումի ուղևորության արժեքն աճել է մոտավորապես 5 լարիով, և ներկայումս մինիվենով ուղևորությունն արժե 45 լարի։ Ըստ նրա` վերջին շրջանում ծառայության թանկացումը հիմնականում պայմանավորված է վառելիքի գնի աճով։

«Մեր ծախսերն աճել են մոտ 60%-ով։ Փոխադրումն արժեր 40 լարի, իսկ հիմա դարձել է 45 լարի… Այս հոգսաշատ ժողովրդի համար է՞լ ինչքան թանկացնես»,- ասել է վարորդը։

Նրա խոսքով՝ գների աճին զուգահեռ նվազել է նաև հաճախորդների թիվը, ինչը, վարորդների գնահատմամբ, կապված է նաև տրանսպորտային կանոնակարգերի ու շուկայում ընթացող փոփոխությունների հետ։

Վարորդները նշել են, որ նոր կանոնների համաձայն՝ սահմանված սահմանափակումներն ու տուգանքները լրացուցիչ ճնշում են գործադրում ոլորտի վրա։ Նրանց խոսքով՝ կրկնակի խախտումների դեպքում տուգանքները 1000-ից հասնում են մինչև 4000 լարիի, ինչն էլ ավելի է բարդացնում գործունեությունը։