Պլաստիկե մեկանգամյա սպասքի արգելքը հետաձգվել է

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում պլաստիկե մեկանգամյա տարաներով և բաժակներով պատրաստի սննդի մատակարարման արգելքի կիրարկումը հետաձգվել է։

Փոփոխություն է կատարվել Վրաստանի կառավարության 2022 թվականի հունիսի 8-ի №304` «Սննդի հետ շփման համար նախատեսված պլաստիկե նյութերի և արտադրանքի (առարկաների) տեխնիկական կանոնակարգի մասին» որոշման մեջ։

Փոփոխության համաձայն՝ սննդի տարաների արգելքի կիրարկման նոր ժամկետ է սահմանվել 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ մեկանգամյա բաժակների արգելքի նոր ժամկետ՝ 2027 թվականի հուլիսի 1-ը։

Հատկանշական է, որ անցյալ շաբաթ հայտնի դարձավ նաև, որ հանրային սննդի օբյեկտներում պլաստիկե շշերով ըմպելիքների մատակարարման արգելքը հետաձգվել է մինչև 2031 թվականի փետրվար։

Նախնական տարբերակով՝ նշված սահմանափակումն ուժի մեջ պետք է մտներ 2026 թվականի հուլիսի 1-ից, սակայն կառավարության նոր որոշմամբ կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է գրեթե չորս տարով։

Ինչպես նշված է նորմատիվ ակտում, հետաձգման որոշումն ընդունվել է մասնավոր հատվածի, բիզնես ասոցիացիաների և այլ շահագրգիռ կողմերի հետ լրացուցիչ խորհրդակցությունների հիման վրա, որպեսզի բիզնեսին նոր ստանդարտներին հարմարվելու ավելի շատ ժամանակ տրվի։