Մասնավոր համալսարաններում ուսման թանկացող վարձը և ուսանողների կրթության հասանելիության սահմանափակումը. ամփոփ

2026 թվականի դրությամբ մասնավոր համալսարանների մեծ մասը թանկացրել է ուսման վարձը, սակայն նշվում է, որ «այս փոփոխությունը կապված չէ նոր բարեփոխումների հետ»։

Միայն մի քանի համալսարան է նվազեցրել վճարը կամ թողել նույնը։

Ինչպե՞ս կազդեն այս փոփոխությունները դիմորդների ընտրության և հասանելիության վրա

Մասնավոր համալսարանների մեծ մասում ուսման վարձը թանկացել է մի քանի հարյուր լարիով։

«Պատճառը գնաճն է», «նախորդ տարիներին նույնպես գները բարձրացել են», «ներքին մարքեթինգային որոշում է», «այս փոփոխությունը կապված չէ բարեփոխումների հետ»՝ այսպիսին են համալսարանների պատասխանները հարցին, թե ինչու է թանկացել ուսումը «Վրացական երազանք«-ի բարձրագույն կրթության բարեփոխումից հետո, և արդյո՞ք դրա հիմքը դարձավ այն, որ իշխանությունը չեղարկեց պետական դրամաշնորհներն ուսանողների համար։

Կովկասյան համալսարանում գները մի քանի ուղղությամբ աճել են 400-1000 լարիով

  • Իրավագիտության ֆակուլտետում տարեկան վճարը 7590 լարիից բարձրացել է մինչև 7990 լարի։
  • Եվրոպագիտության, սոցիոլոգիայի և անգլիական բանասիրության ուսման վարձը թանկացել է 400 լարիով և 4590 լարիի փոխարեն դարձել է 4990 լարի։
  • Էկոնոմիկայի ֆակուլտետում ուսման վարձն աճել է 1000 լարիով՝ 4990-ից դառնալով 5990 լարի։

Որոշակի ֆակուլտետներում (օրինակ՝ բիզնեսի) բարձր պահանջարկի պատճառով ավելացվել է նաև ընդունելության տեղերի քանակը, համալսարանն ուսանողներ է ընդունում ավելի քան 40 ծրագրերով։

Սև ծովի համալսարանը, որն ունի 27 բակալավրիատի ծրագիր, այս տարի գինը բարձրացրել է միայն մեկ՝ ամերիկագիտության ուղղությամբ։ 

Այստեղ տարեկան վճարը նախորդ տարվա համեմատ աճել է 600 լարիով, և ուսման վարձը 2590 լարիի փոխարեն կլինի 3190 լարի։

Այս փուլում այլ ֆակուլտետներում գների բարձրացում չեն պլանավորում։ Նույնն են մնացել նաև քվոտաները։

Ազատ և Ագրարային համալսարաններում այս տարի ոչ մի ֆակուլտետում և ուղղությամբ ուսման վարձը չի աճել։

Անփոփոխ է մնացել նաև ներքին դրամաշնորհների համակարգը։ Համաֆինանսավորումը դիմորդը ստանում է ըստ հավաքած միավորների և առաջադիմության։

Վրաստանի համալսարանը  ծրագրերի մեծ մասում գները բարձրացրել է 250-500 լարիով։

  • Օրինակ, եթե արվեստագիտության ուղղությամբ ուսումն արժեր 2950 լարի, այժմ վճարը կլինի 3200 լարի։
  • Լրագրության ֆակուլտետի ուսման վարձը թանկացել է 500 լարիով և այժմ կարժենա 5000 լարի։
  • 800 լարիով ավելի կլինի ճարտարապետության ուղղության ուսման տարեկան վճարը՝ 4200 լարիի փոխարեն 5000 լարի։
  • Նախորդ տարվա համեմատ 1500 լարիով թանկացել է իրավագիտության ֆակուլտետում ուսումը՝ վճարը կլինի 5000 լարի։
  • Որոշ ֆակուլտետներում (օրինակ՝ բիզնեսի վարչարարություն) ուսման վարձը մնացել է նույնը։ Իսկ որոշ ֆակուլտետներում, համալսարանի որոշմամբ, ընդունելություն ընդհանրապես չի հայտարարվել (անգլիական բանասիրություն, համակարգչային գիտություններ)։
    Վրաստանի համալսարանում ֆինանսավորման նոր փաթեթ են մտածել այն դիմորդների համար, ովքեր ցանկանում են ընդունվել իրենց մոտ, բայց պետությունից այլևս չեն ստանա լրացուցիչ դրամաշնորհ։
    «Ուսանողները մեզ մոտ նույնպես կկարողանան սովորել անվճար կամ ստանալ մասնակի ներքին ֆինանսավորում։ Պարզ է, որ դա կախված կլինի միավորներից։ Տեղահանվածների համար նույնպես ունենք 50% զեղչ։

Ուսանողները կարող են երեք տարի սովորել անվճար և վճարը կատարել աշխատանքի անցնելուց հետո»։
Վրաստանի համալսարանն այս տարի ընդունելություն է հայտարարել 20 ծրագրով։

Վրաստանի հանրային գործերի ինստիտուտը (GIPA) այս տարի որոշել է, որ ոչ մի ծրագրում ուսման վարձը չի աճի։

Սակայն ուսանողներին ավելի շատ հնարավորություններ տալու համար նրանք հիմնադրել են «Համալսարանական հիմնադրամ», որում բիզնեսից կամ առանձին անձանցից մուտքագրված գումարը համալսարանին հնարավորություն կտա ուսանողներին առաջարկել համաֆինանսավորում և լրացնել այն պակասորդը, որը նրանք կունենան պետական դրամաշնորհների բացակայության ֆոնին։
Այս տարի GIPA-ն ընդունելություն է հայտարարել բակալավրիատի ինը ծրագրով և բարձրագույն կրթության երեք պրոֆեսիոնալ ծրագրով։

Վրաստանի ազգային համալսարանում (SEU) այս տարի գները ոչ թե բարձրացրել են, այլ նվազեցրել։

Ընդունելություն են հայտարարել բակալավրիատի 18 և մագիստրատուրայի 18 ծրագրերով։

Վրաց-ամերիկյան համալսարանում (GAU) ուսումը թանկացել է ֆակուլտետների մեծ մասում՝ միջինը 12%-ով։

Ուսման վարձի փոփոխության պատճառ այս համալսարանը նշել է «երկրում առկա գնաճային տեմպերը և ծրագրերի զարգացման համար անհրաժեշտ նյութական ապահովումը»։

Այս տարի այս համալսարանն ընդունելություն է հայտարարել 20 կրթական ծրագրով։

Տարբեր ուղղություններով գներն աճել են նաև այլ մասնավոր համալսարաններում։ Օրինակ՝ «Ալտե»-ում բժշկական ֆակուլտետի ուսման արժեքը 3500 լարիից բարձրացել է մինչև 3950 լարի։
Սուլխան-Սաբա Օրբելիանիի համալսարանում հանրային կառավարման գիծը 2500 լարիից մինչև 2750 լարի է հասել։
Այսօր Վրաստանում գործող 64 բարձրագույն ուսումնական հաստատություններից միայն 19-ն է պետական, իսկ 45-ը՝ մասնավոր (աղբյուրը՝ Radio Tavisupleba)։

Ի՞նչ կփոխվի ուսանողների համար

Վրաստանի բարձրագույն կրթության ոլորտի փորձագետների և հետազոտողների գնահատմամբ՝ պետական համալսարաններում պահանջված ֆակուլտետների տեղերի կրճատումը և միաժամանակ մասնավոր բուհերում ուսման վարձի թանկացումը լուրջ խնդիրներ են ստեղծում ուսանողների համար։

Այս իրավիճակն առավել սուր է զգացվում տարածաշրջանների ուսանողների համար, քանի որ տեղական բուհերում ծրագրերի ընտրությունը սահմանափակվում է միայն ագրարային կամ կրթական ուղղություններով, ինչը նրանց ստիպում է տեղափոխվել խոշոր քաղաքներ և կրել կեցության հավելյալ ծախսեր։ Հատկապես խնդրահարույց է վիճակը ոչ վրացալեզու դիմորդների և էթնիկ փոքրամասնությունների համար։

Սրա մասին ավելի վաղ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծել էր նաև Վրացերենի ուսուցման նախապատրաստական ծրագրի համակարգող, Իլիայի պետական համալսարանի դասախոս Իվլիտա Լոբժանիձեն.

«Ընթացիկ բարեփոխման շրջանակներում վտանգվում են ինչպես համալսարանի ամբողջական ծրագրերը (ծրագրերի մինչև 92 տոկոսը չեղարկվում է), այնպես էլ վտանգվում է վրացերենը որպես երկրորդ լեզու և ինտեգրման ծրագրի լիարժեք իրականացումը։ Ի՞նչ է սա նշանակում. եթե համալսարանն ընդունի ընդհանուր 300 ուսանող, ապա մենք մեր ծրագրով կարող ենք ընդունել 5-ական տոկոսը, ինչը հանրագումարում կարող է կազմել ընդամենը 30-40 ուսանող։

Սա լուրջ խնդիր է տարածաշրջանում ապրող դիմորդների և երիտասարդների համար։ Բնականաբար, այս բարեփոխման շրջանակներում, կրճատված քվոտաների ֆոնին, նրանք այլևս չեն կարողանա ընդունվել։ Հետևաբար, կրթության հասանելիության խնդրի առաջ կկանգնի տարածաշրջանի մեր հայալեզու, ադրբեջանալեզու, ռուսալեզու և աբխազալեզու բնակչությունը, ինչը լուրջ սպառնալիք է մեր երկրի զարգացման համար»,- ընդգծել էր Լոբժանիձեն։

Ընտրության սահմանափակում և հասանելիության աճ

Ոլորտի մասնագետների շեշտում են, որ առաջին հայացքից հասանելիությունը կարող է բարելավվել, սակայն կարևոր գործոնների՝ որակի և ընտրության հաշվին։
Մեծ է հավանականությունը, որ անցանկալի ծրագրում ստիպված կլինեն ընդունվել կամ ընդհանրապես տեղերը կմնան չլրացված։

Բարձրագույն կրթության համակարգում պլանավորված բարեփոխման մասին առաջին անգամ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել է հոկտեմբերի 17-ին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։ Կոբախիձեն այն ժամանակ հայտարարեց, որ գործող կրթական համակարգը չի կարող պատասխանել ժամանակակից մարտահրավերներին ու ստանդարտներին, և որ «Վրացական երազանք»-ն ունի «հավակնոտ նպատակ»՝ ուսանողները Վրաստանում ստանան նույնպիսի կրթություն, ինչպիսին ստանում են արտասահմանում։
2025 թվականին, Կրթության նախարարության հայտարարած բարձրագույն կրթության բարեփոխման համաձայն, մասնավոր համալսարաններ ընդունվել ցանկացող ուսանողները պետությունից այլևս չեն ստանա դրամաշնորհային աջակցություն։
Կրթության նախարար Գիվի Միքանաձեն այն ժամանակ հայտարարել էր, որ բարեփոխման գլխավոր շեշտադրումը կատարվում էր պետական համալսարանների վրա, որ 2026 թվականից պետական համալսարաններ ընդունված բոլոր ուսանողների ուսումը լիովին կֆինանսավորի պետությունը, և որ «հենց պետական համալսարանները պետք է կատարեն պետության պատվերները՝ ըստ շուկայի հետազոտությունների և կարիքների»։

2025 թվականի ազգային քննությունների և դրամաշնորհների վիճակագրությունը.

  • 31 հազար 704 դիմորդից պետական դրամաշնորհ է ստացել ավելի քան 6500 դիմորդ,
  • Դրանից՝ 100% պետական դրամաշնորհ ստացել է ավելի քան 1000 դիմորդ,
  •  70%՝ ավելի քան 1400 դիմորդ,
  • 50% դրամաշնորհ՝ ավելի քան 4000 դիմորդ,
  • Դրամաշնորհ է ստացել մասնավոր համալսարաններ ընդունված ավելի քան 2300 դիմորդ։

Հիշեցնենք, 2026 թվականի միասնական ազգային և ընդհանուր մագիստրոսական քննությունների համար դիմորդները կարող են գրանցվել մինչև մայիսի 11-ի ժամը 18:00-ն։