«1+4»-ի դիմորդները՝ տպավորությունների, դժվարությունների և ակնկալիքների մասին

Վրաստանում ավարտվել է «1+4» ծրագրի շրջանակներում անցկացվող ընդունելության քննությունների փուլը, և դիմորդները սպասում են արդյունքների հրապարակմանը։ Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված այս ծրագիրը շարունակում է մնալ բարձրագույն կրթություն ստանալու հիմնական ուղիներից մեկը։

Այս տարի ընդունելության գործընթացն ընթանում է կրթական համակարգում իրականացված որոշակի փոփոխությունների ֆոնին։ Մասնավորապես, կրճատվել են մի շարք ֆակուլտետներին հատկացվող տեղերն ու պետական քվոտաները, ինչը մեծացրել է մրցակցությունը դիմորդների միջև և փոխել ընդունելության ընդհանուր դինամիկան։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է «1+4» ծրագրի դիմորդների հետ՝ քննական գործընթացն ամփոփելու, առաջադրանքների բարդության աստիճանը գնահատելու և սպասվող արդյունքներից նրանց ակնկալիքները պարզելու նպատակով։

Մառնեուլիի շրջանի Կարմիրգյուղի հանրային դպրոցի շրջանավարտ Լարիսա Գևորգյանը դրական գնահատեց իր պատրաստվածության մակարդակը և ընդգծեց, որ չնայած այս տարվա կրթական փոփոխություններին ու ֆակուլտետների կրճատմանը, մեծ հույսեր է կապում ուսանողական կյանքի հետ։

«Ցանկանում եմ ընդունվել Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարան։ Մտածում եմ բիզնես-մենեջերի մասնագիտությունն ընտրելու մասին, բայց քանի որ առայժմ սովորելու եմ նախապատրաստական կուրսում, դեռ ժամանակ կունենամ այդ հարցի շուրջ վերջնական կողմնորոշվելու։ Պարապել եմ տրամաբանության և մաթեմատիկայի կրկնուսույցի մոտ, հանձնել եմ «Ընդհանուր հմտություններ» քննությունը։ Իհարկե, այս տարի ամեն ինչ փոխվել է, և շատ բաներ են վերափոխվել, բայց ես, միևնույն է, պատրաստվում եմ ընդունվել։

Հույս ունեմ, որ կվաստակեմ բավարար միավորներ ու կընդունվեմ համալսարան։ Սկզբում ցանկանում էի ընդունվել Իլիա Ճավճավաձեի անվան համալսարան, բայց քանի որ այնտեղ կրճատել են մասնագիտությունների քանակը, և գրեթե չեն մնացել այն ուղղությունները, որոնք ես ցանկանում էի ընտրել (բացառությամբ լեզուների՝ հիմնականում մանկավարժական թեքումով), փոխեցի որոշումս ու ընտրեցի Ջավախիշվիլին։
Ի դեպ, սկզբում այս համալսարանն ինձ խորհուրդ տվեց մայրս, որ նույնպես Ջավախիշվիլիի շրջանավարտ է։ Ես շատ եմ ցանկանում արդարացնել ծնողներիս հույսերը»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պատմեց Լարիսան։

 

Կարմիրգյուղի դպրոցի շրջանավարտներից Հովհաննես Ակոպովը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում խոսեց իր քննական տպավորությունների մասին։ Նա նշեց, որ մինչև քննասենյակ մտնելը որոշակի լարվածություն կար, սակայն ընթացքում ամեն ինչ փոխվել է.

«Մինչև քննասենյակ մտնելը լարվածություն կար, բայց քննությունը սկսվելուն պես լարվածությունն անհետացավ։ Քննությունն այնքան բարդ չէր, որքան պատկերացնում էի, սակայն ինձ համար որոշակի դժվարություն առաջացրեց տրամաբանության բաժինը։ Ինչ վերաբերում է սպասելիքներիս, ապա այս տարի քանի որ շատ փոփոխություններ են տեղի ունեցել համալսարաններում, հստակ դեռ ոչինչ չեմ կարող ասել»։

Չանախչի գյուղի հանրային դպրոցի շրջանավարտ Սեդա Մաթոսյանը ևս «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պատմեց քննական օրվա իր ապրումների մասին։ Նա նշեց, որ  ամեն բան անցել է խաղաղ մթնոլորտում, իսկ ինքը քննությանը մասնակցել է հանգստությամբ ու հավատով։

«Վատ չէր, բայց լավ էլ չէր։ Ցանկանում եմ ընդունվել Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարան։ Թեև պատասխաններն անհայտ են, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի։ Բացարձակապես չեմ նեղվել կամ անհանգստացել, այլ պարզապես աղոթել եմ։ Չնայած դրան՝ մի փոքր անհանգստություն, իհարկե, կար, բայց փորձում էի ուշադրություն չդարձնել դրան։ Ավելի շատ հույսս դրել եմ Աստծու վրա և ուզում եմ, որ ամեն ինչ Նրա կամքով լինի․ սիրտս շատ հանգիստ է»,— ասաց Սեդան։

Հարկ է նշել, որ էթնիկ փոքրամասնությունները Վրաստանի պետական բուհեր ընդունվելու համար՝ օգտվելով արտոնություններից, 4 քննության փոխարեն մայրենի լեզվով միայն մեկն են հանձնում: 1 տարի վրացերենի նախապատրաստական կուրսն ուսումնասիրելուց հետո նրանք տեղափոխվում են բակալավրի առաջին կուրս:

Հիշեցնենք՝ «1+4» վրացերենի ծրագիրը գործում է 2010 թվականից և նախատեսված է միայն Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։


Հիշեցնենք, Վրաստանի կառավարության որոշմամբ, 2026-2027 ուսումնական տարվա կրթական ծրագրերի համաձայն՝ պետական ​​համալսարաններ ընդունված ուսանողների թվի փոփոխություններ են կատարվել։

Եթե նախկինում բակալավրիատի և այլ կրթական ծրագրերի համար նախատեսված տեղերի թիվը 21 հազար 300 էր, ապա թարմացված թիվը 21 հազար 574 է։
Փոխվել է նաև համալսարաններում ուսուցանվող ծրագրերի ցուցակը. մանրամասները կարդացեք այստեղ։ 

Այս իրավիճակն առավել սուր է զգացվում տարածաշրջանների ուսանողների համար, քանի որ տեղական բուհերում ծրագրերի ընտրությունը սահմանափակվում է միայն ագրարային կամ կրթական ուղղություններով, ինչը նրանց ստիպում է տեղափոխվել խոշոր քաղաքներ և կրել կեցության հավելյալ ծախսեր։ Հատկապես խնդրահարույց է վիճակը ոչ վրացալեզու դիմորդների և էթնիկ փոքրամասնությունների համար, որին «Ալիք Մեդիա Վրաստան»-ը անդրադարձել էր ավելի վաղ։ 

«1+4» ծրագիրը կշարունակվի մինչև 2030-2031 ուսումնական տարին ներառյալ

Մասնավոր համալսարաններում ուսման թանկացող վարձը և ուսանողների կրթության հասանելիության սահմանափակումը. ամփոփ

«1+4» ծրագիրը վտանգված է. Իլիայի համալսարանի ուսանողների ու դասախոսների հայտարարությունը