ՄԻԵԴ-ը քննում է Վրաստանի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է քննել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի վերաբերյալ անհատական ​​բողոքներն ընդդեմ Ռուսաստանի:

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտնում է, որ ընդհանուր առմամբ 53 բողոք է ուղարկվել Ստրասբուրգ՝ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտման վերաբերյալ։

«Դատարանի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը մինչև 2022 թվականի մայիսի 2-ը պետք է պատասխանի ՄԻԵԴ-ի հարցերին՝ կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք), 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն), 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածի (տեղաշարժի ազատություն), 13-րդ հոդվածի (պաշտպանության իրավունք) և 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) վերաբերյալ», — նշված է ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Վրաստանը Ստրասբուրգի դատարանում հերթական հաղթանակն է տարել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետ կապված։ ՄԻԵԴ-ը հաստատել է վրացական կողմի փաստարկները՝ անհնար համարելով որևէ խախտում վերագրել վրացական կողմին: