Ստրասբուրգն անհիմն որակեց Օգոստոսյան պատերազմի վերաբերյալ ռուսական կողմի բողոքը

Վրաստանը Ստրասբուրգի դատարանում հերթական հաղթանակն է տարել 2008 թվականի Օգոստոսյան պատերազմի հետ կապված, այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բեկոևան և ուրիշներն ընդդեմ Վրաստանի» և «Շավլոխովան և ուրիշներն ընդդեմ Վրաստանի» գործերի հետ կապված վճիռ է կայացրել՝ վերջիններիս բողոքները համարելով անվավեր։

«Այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ Վրաստանի կառավարությունը Միջազգային դատարանում հաջողությամբ պաշտպանել է պետության և վրացական բանակի շահերը: Սա վառ օրինակ է, այն բանի, որ դեօկուպացիայի և արդարության համար պայքարը շարունակվում է խաղաղ ու արդար ձևով, և մենք վստահ ենք, որ ձեզ հետ միասին հաջողությամբ կշարունակենք այս պայքարը», — ասել է Ռատի Բրեգաձեն։

Նրա խոսքով՝ վերոնշյալ գործերը ներառում են 2008 թվականի Օգոստոսյան պատերազմի վերաբերյալ Ցխինվալիի շրջանում ապրող բնակչության կողմից Վրաստանի դեմ ներկայացված բողոքները:

Արդարադատության նախարարության տվյալներով, Ստրասբուրգի դատարանը հաստատել է վրացական կողմի փաստարկները, ըստ որի պատերազմի ժամանակ Ցխինվալիի շրջանն ակտիվորեն ռմբակոծվել է Ռուսաստանի Դաշնության կողմից և Վրաստանի զինված ուժերը ռազմական վերահսկողության տակ չեն վերցրել Ցխինվալի շրջանը և հարակից տարածքները: Հետևաբար, անհնար է որևէ խախտում վերագրել վրացական կողմին:

Պետության շահերը պաշտպանելու նպատակով 2019-2020 թվականներին Վրաստանի արդարադատության նախարարությունը, գերագույն դատախազության և պետական ​​անվտանգության ծառայության հետ միասին ներկայացրեց փաստարկներ և համապատասխան իրավական ապացույցներ, որոնց միջոցով հաստատվեց, որ 2008 թվականին Վրաստանը չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։ 

Նախարարության տվյալներով, 2008-2009 թվականներին Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ ներկայացվել է ավելի քան 3300 բողոք, սակայն Վրաստանի կառավարության ներկայացրած ապացույցների և իրավական դիրքորոշումների հիման վրա՝ մինչև 2800 բողոք արդեն անհիմն է համարվել։

«2021 թվականի հունվարի 21-ին Ստրասբուրգի դատարանը Օգոստոսյան պատերազմում ճանաչեց Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մի շարք կետերի խախտման դեպքեր և հաստատել, որ Ցխինվալիի տարածաշրջանը և Աբխազիան օկուպացված են Ռուսաստանի կողմից, այսօրվա վճիռը ևս մեկ հաղթանակ է ի օգուտ Վրաստանի», — հայտարարել է Բրեգաձեն:

Նշենք, որ 2008 թվականի օգոստոսի 7-12-ը տեղի ունեցավ զինված հակամարտություն Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և վերջինիս ռազմական աջակցությունը վայելող Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների միջև, որից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը՝ վերցնելով իր պաշտպանության հովանու տակ և տեղակայելով իր ռազմակայանները։ 

Տաթև Խոցանյան,  «Ալիք մեդիայի» ստաժոր