Քայլ դեպի Եվրոպա՞. Գվարամիային ներում շնորհելու արձագանքները

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ազատազրկելուց շուրջ մեկ տարի անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ՝ հունիսի 22-ին, նրան ներում շնորհեց:

Գվարամիայի ազատման լուրը կայծակնային արագությամբ տարածվեց լրատվամիջոցներում՝ դառնալով ներքաղաքական քննարկման նոր առիթ: Մի շարք ընդդիմադիր պատգամավորներ և միջազգային գործընկերներ կարծում են, որ Գվարամիային ներում շնորհելը ճիշտ որոշում և քայլ է դեպի Եվրոպա:

Իշխանության ներկայացուցիչները և նրանց արբանյակները, սակայն, սկսել են նախագահի որոշումը քննադատել, իշխանական մեդիաները տեսանյութ են շրջանառում, որում Գվարամիան տարիներ առաջ Զուրաբիշվիլիին ռեզիդենտ է անվանել, նախագահականի մոտ հակաեվրոպական քայլեր ձեռնարկել:

Ինչ են ասում միջազգային գործընկերները

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնան․ ԱՄՆ-ն ողջունում է Զուրաբիշվիլիի որոշումը։ Ըստ Դեգնանի՝ նախագահի որոշումը կարևոր քայլ է հասարակության բևեռացման և պառակտվածության նվազեցման ուղղությամբ։

«Սա նախագահի հայեցողական իրավունքն էր, որին նախագահը մեծ պատասխանատվությամբ և լրջությամբ է վերաբերում։ ԱՄՆ-ն ողջունում է Գվարամիային ներում շնորհելու որոշումը: Այս հարցն ի սկզբանե խնդրահարույց էր»,- ասել է Դեգնանը:

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը Գվարամիային ներում շնորհելը Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին ճիշտ որոշում է համարել:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Զուրաբիշվիլիի քայլը դիտարկում է որպես Վրաստանի ապաբևեռացման ուղղությամբ ձեռնարկված ամենակարևոր քայլը։

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը Twitter-յան միկրոբլոգում նախագահ Զուրաբիշվիլիին «խիզախության» համար շնորհակալություն է հայտնել:

«Այսօր նախագահ Զուրաբիշվիլին ներում է շնորհել Նիկա Գվարամիային, ով անարդարացիորեն բանտարկվել է Վրաստանի կառավարության կողմից»,- գրված է հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի խոսքով՝ նախագահը դժվար, բայց ճիշտ որոշում է կայացրել։ Ըստ նրա՝ Վրաստանին ձեռնտու է նվազեցնել բևեռացումը և արմատախիլ անել արդարադատության մեջ գերիշխող անարդարությունը։

Հանրային պաշտպանի գնահատականը

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ևս ողջունել է նախագահ Զուրաբիշվիլիի որոշումը։ Ըստ օմբուդսմենի՝ այսօր Վրաստանն ավելի մոտ է Եվրոպային:

«Ես ողջունում եմ Նիկա Գվարամիային ներում շնորհելու նախագահ Զուրաբիշվիլիի որոշումը։ Այսօր մենք ավելի մոտ ենք Եվրոպային»,- գրում է Իոսելիանին։

Ինչ է ասում ընդդիմությունը

Պատգամավոր Խատիա Դեկանոիձեի խոսքով, եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր որոշմամբ հայտնվի «Վրացական երազանքի» ներկայացուցիչների «թիրախում», ինքն անպայման կպաշտպանի նախագահին։

«Եվրամիության հետ ինտեգրման համար ամենամեծ քայլն արեց Վրաստանի նախագահը»,- ասել է Դեկանոիձեն:

Ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի խոսքով, հաջորդ քայլը պետք է լինի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումը:

Ըստ նրա՝ Վրաստանը «Վրացական երազանքից» պետք է ապառուսականացվի և ապաշրջափակվի, որպեսզի շարժվի դեպի եվրոպական զարգացում։

Իշխող թիմի գնահատականը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կարծում է, որ նախագահը ճնշումների արդյունքում է ազատ արձակել Գվարամիային։

«Մենք տեսնում էինք, որ Նիկա Գվարամիայի ներման հետ կապված նախագահի վրա շատ բացահայտ, միաժամանակ թաքնված ճնշում է եղել, դա տեսանելի էր։ Մենք հույս ունեինք, որ նախագահը կկանգնի օրենքի գերակայության և վրաց ժողովրդի կողմից իրականացվող արդարադատության կողքին, բայց նա ընտրեց մյուս կողմը»,- ասել է Պապուաշվիլին։

«Վրացական երազանքի» առաջնորդներից Գիա Վոլսկին բացասական է գնահատել «Միայն Գվարամիային ներում շնորհելը»: Ըստ նրա՝ Զուրաբիշվիլին այս քայլով «ծանրացրել է իր անարժան բեռը»։

Վոլսկիի կարծիքով, այս որոշումը մեծ ազդեցություն կունենա նախագահի քաղաքական կենսագրության վրա։

Վերլուծաբանների տեսակետները

«Վրաց-եվրոպական ինստիտուտի» (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, Վրաստանի նախագահը պետականակամետ ​​որոշում է կայացրել: Ըստ նրա՝ Զուրաբիշվիլին Վրաստանի ազգային շահերը վեր է դասել իր դժգոհություններից ու զգացմունքներից։

«Գուցե ոմանց դուր չգա Նիկա Գվարամիան կամ նրա ոճը, բայց նա քաղբանտարկյալ էր։
Նրա քրեական գործը քաղաքական, հարմարեցված բիզնեսի օրինաչափություն է»,- նշել է Մելաշվիլին:

Վերլուծաբան Զաալ Անջափարիձեն նշել է՝ Արևմուտքում Գվարամիայի ներման շուրջ բարձրացած կոլեկտիվ աղմուկը, որին անմիջապես գումարվեց Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջը, ապացուցում է նախագահի սուտը իր «բացառիկ հայեցողության» մասին.

«Դա կատարյալ ֆարս է, և մեզ շատ վտանգավոր գործընթացներ են սպասվում։
Նույնիսկ ամենամիամիտ մարդը չի հավատա, որ Գվարամիայի ֆորմալ հեռանալը հեռուստաալիքից կնվազեցնի բևեռացումը»:

Ինչ է ասում Գվարամիան

Գվարամիան հայտարարել է, որ այլևս չի ղեկավարելու «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը և գործող տնօրեն Գիորգի Գաբունիան կմնա այս պաշտոնում։

Ինչ վերաբերում է լրագրողական գործունեությունը շարունակելուն, որևէ որոշում չի կայացրել այդ կապակցությամբ։

Նախապատմություն

2022 թվականի մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեի որոշմամբ՝ Գվարամիան մեղավոր է ճանաչվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։

Վրաստանի դատախազությունը Նիկա Գվարամիայի դեմ գործ էր հարուցել դեռևս 2019 թվականի ամռանը, որը վերաբերում էր այն ժամանակաշրջանին, երբ Գվարամիան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էր։ Դատախազությունը նրան մեղադրում էր «սեփականության իրավունքի ապօրինի յուրացման, առևտրային կաշառք ստանալու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի ապօրինի եկամուտներն օրինականացնելու մեջ»։

2019-ից հետո Գվարամիան լքեց «Ռուսթավի 2»-ը՝ հիմնելով նոր ընդդիմադիր հեռուստաընկերություն, իսկ «Ռուսթավի 2»-ը դարձավ իշխանական:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Գվարամիայի ազատազրկմանն անդրադարձան մի շարք կազմակերպություններ և քաղաքական գործիչներ՝ այն անվանելով քաղաքական հաշվեհարդար:

Նախագահը ներում է շնորհել Նիկա Գվարամիային