Լեզվական պատկերը Վրաստանում. վերջին մարդահամարի արդյունքները

Ազգային վիճակագրական ծառայության 2024 թվականին անցկացրած բնակչության համատարած մարդահամարի տվյալների համաձայն՝ Վրաստանում ռուսալեզու բնակչության թիվն աճել է 18.6%-ով և կազմել 54 հազար 460 մարդ։ 2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ այս ցուցանիշը 45 հազար 920 մարդ էր։

Նույն տվյալների համաձայն՝ Վրաստանի բնակչության 85.1%-ի (3 մլն 343 հազար 987 մարդ) մայրենի լեզուն վրացերենն է։ Հատկանշական է, որ 2014 թվականի մարդահամարի համեմատ վրացալեզու բնակչության թիվն աճել է 2.7%-ով, սակայն ընդհանուր բնակչության առումով 87.6%-ից նվազել է մինչև 85.1%։

Վրաստանի վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ ըստ մայրենի լեզուների, երկրում երկրորդ տեղում ադրբեջաներենն է` 265 հազար 534 մարդ (6.8%)։ 2014 թվականի տվյալների համեմատ ադրբեջանախոս բնակչության թիվն աճել է 14.7%-ով։

Վերջին մարդահամարի արդյունքները նաև ցույց են տալիս, որ 139 հազար 438 մարդ (3.5%) որպես մայրենի լեզու նշել է հայերենը, ինչը 2014 թվականի համեմատ 3.7%-ով պակաս ցուցանիշ է։

Համեմատաբար փոքր լեզվական խմբերի առումով, համատարած մարդահամարի անցկացման ժամանակ օսերենը որպես մայրենի լեզու նշել է 3839 մարդ, ինչը 2014 թվականի համեմատ 32.6%-ոց անկում է արձանագրել։

Հակառակ միտումն է նկատվում աբխազերենի դեպքում, որը որպես մայրենի լեզու ընտրել է 370 մարդ։ Այս ցուցանիշը 2014 թվականի համանման տվյալի (272 մարդ) համեմատ աճել է 36%-ով։