Վրաստանի ներքին գործերի նախարարը նոր հրաման է արձակել, որով սահմանվել է, թե ինչպես է ոստիկանությունը հատուկ, սերտիֆիկացված դյուրակիր սարքերի միջոցով ստուգելու տրանսպորտային միջոցների աղմուկի մակարդակը։
Նախարարության հաղորդմամբ՝ կարգն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։ Ոստիկանները աղմուկի մակարդակը կստուգեն հենց ճանապարհային երթևեկության ընթացքում։ Այդ նպատակով արդեն ձեռք են բերվել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ սարքավորումներ։
Ավտոմեքենաների և այլ տրանսպորտային միջոցների աղմուկի թույլատրելի նորմերը կարգավորվում են Վրաստանի կառավարության որոշմամբ։
Ժամը 23:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում բնակավայրերում տրանսպորտի աղմուկը չպետք է գերազանցի 80 դեցիբելը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ սահմանված նորմի խախտումը կհանգեցնի վարորդների տուգանման և վարորդական իրավունքի վկայականի միավորների նվազեցման.
Առաջին դեպք՝ 100 լարի տուգանք և վարորդական վկայականից 10 միավորի նվազեցում,
Երկրորդ դեպք՝ 200 լարի տուգանք և 20 միավորի նվազեցում,
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ դեպք՝ 300 լարի տուգանք և 30 միավորի նվազեցում։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ակտիվ ռեժիմով կշարունակեն ճանապարհային երթևեկության կառավարումն ու նմանատիպ խախտումներին արձագանքումը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից երկրում պետք է ուժի մեջ մտնեին ավտոմեքենաների աղմուկի դեմ նոր կանոնակարգերը, սակայն աղմուկը չափող սարքերի ձեռքբերման մրցույթի քանիցս ձախողման պատճառով ժամկետը հետաձգվել էր։