Արձագանք Վրաստանից. փորձագետները՝ Հայաստանի դեմ ռուսական արգելքների մասին

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ը (Վետերինարային և ֆիտոսանիտարական վերահսկողության ռուսական դաշնային ծառայություն) 2026 թվականի մայիսի 30-ից արգելել է Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։

Գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ մատակարարումների վրա կսահմանվեն «ժամանակավոր սահմանափակումներ», «քանի դեռ չի մշակվել համապատասխան ալգորիթմ՝ ներմուծվող արտադրանքի անվտանգությունն ապահովելու նպատակով»։

«Որոշումն ընդունվել է Ռուսաստան հայկական մրգերի և բանջարեղենի արտադրանքի մատակարարման ընթացքում խախտումների քանակի աճի կապակցությամբ և ֆիտոսանիտարական անվտանգության ապահովման միտումով»,- ասված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ։ Համաձայն հաղորդագրության՝ 2026 թվականի մայիսի 21-ից մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում գերատեսչությունն իրականացրել է հայկական ձեռնարկությունների ստուգում, «որի ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ»։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել էր ծաղիկների ներմուծումը Հայաստանից Ռուսաստան։ Մեկ այլ գերատեսչություն՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, կասեցրել էր հայկական երեք խոշոր արտադրողների ալկոհոլային խմիչքների վաճառքը, նաև արգելել էր Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում։

Փորձագետների և հասարակության գնահատմամբ՝ սա տեղի է ունենում Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների աննախադեպ լարվածության ֆոնին։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Երևան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, և ստորագրվել են մի քանի համաձայնագրեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանին օգնության միջոցառումների շրջանակում Եվրամիությունը պլանավորում է չեղարկել երկրից ներմուծվող արտադրանքի 80%-ի մաքսատուրքերը։ Այս մտադրության մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է հուլիսի 2-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Bloomberg»-ի հաղորդմամբ՝ մաքսատուրքերը չեն տարածվի Եվրամիություն թարմ մրգերի և բանջարեղենի, նաև ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների ներմուծման վրա։

Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի նաև 52 միլիոն եվրո և երկիր կուղարկի փորձագետների՝ Եվրամիության երկրներ հայկական արտադրանքի արտահանման ընդլայնմանը նպաստելու ակնկալիքով։

Հունիսի կեսերին «Financial Times»-ը տեղեկություն էր տարածել Հայաստանից ներմուծվող արտադրանքը մաքսատուրքերից ազատելու Եվրամիության մտադրության մասին։ Պարբերականի հարցին ի պատասխան փորձագետներն այն ժամանակ նշել էին, որ Հայաստանը կարող է դժվարությունների բախվել շուտ փչացող ապրանքների տրանսպորտային փոխադրման հարցում, քանի որ դեպի ծով ուղիղ ելք չունի։

Ընթացող տնտեսական իրադարձությունները տարածաշրջանի ուշադրության կենտրոնում են։

Հայաստանից գյուղմթերքի և ալկոհոլի ներմուծումն արգելելու Մոսկվայի որոշումը և դրան զուգահեռ Եվրամիությունից ու ԱՄՆ-ից Երևանին ցուցաբերվող աջակցությունը դարձել են հարավկովկասյան տարածաշրջանի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Այս հարցին ակտիվորեն անդրադառնում են նաև Վրաստանում, քանի որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունն ուղղակիորեն առնչվում է պաշտոնական Թբիլիսիի տնտեսական ու լոգիստիկ շահերին։

Փորձագիտական շրջանակներում այս իրադարձությունների շուրջ առկա են մի քանի հիմնական տեսակետներ ու կանխատեսումներ։

Վերլուծաբանների մեծ մասը համակարծիք է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած արգելքները բացառապես քաղաքական դրդապատճառներ ունեն։ Փորձագետները նշում են, որ Մոսկվան ավանդաբար օգտագործում է տնտեսական էմբարգոն (առևտրային արգելքը) որպես «մտրակի» մեխանիզմ այն հարևանների դեմ, որոնք փորձում են մերձենալ Արևմուտքին։

Վրացի տնտեսագետներն ու լոգիստիկայի ոլորտի մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում Եվրամիության նոր նախաձեռնությանը, որով նախատեսվում է չեղարկել հայկական մթերքի մաքսատուրքերի 80%-ը։ Քանի որ Հայաստանը դեպի ծով ուղիղ ելք չունի, դեպի եվրոպական շուկա նրա հիմնական ցամաքային և ծովային ուղիներն անցնում են Վրաստանի տարածքով։

Մի կողմից, ըստ փորձագետների՝ սա կարող է մեծացնել Վրաստանի՝ որպես տարածաշրջանային տարանցիկ հաբի (հանգույցի) դերն ու ապահովել լրացուցիչ եկամուտներ բեռնափոխադրումներից։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ նաև «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի նախկին հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլին։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանն ավանդաբար կիրառում է տնտեսական արգելքների քաղաքականությունը բոլոր անկախ պետությունների դեմ՝ սեփական կայսերական շահերն առաջ տանելու նպատակով։ 

«Ռուսաստանն ավանդաբար կիրառում է նման քաղաքականություն բոլոր անկախ պետությունների նկատմամբ։ Քաղաքական ճնշման և սեփական կայսերական շահերի իրականացման նպատակով նա սահմանափակում է տարբեր արտադրանքների ներմուծումը և օգտագործում է բոլոր մեթոդները՝ սեփական գերիշխանությունն ապահովելու նպատակով։ Վրաստանը նույնպես ենթարկվեց նմանատիպ ճնշման, և Մոսկվան կարծում էր, որ կհասնի իր ուզածին։ Այս քաղաքականությունը, բնականաբար, ունի նաև երկրորդ կողմը և արագացնում է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացումն ու ինտեգրումը, նաև եվրոպական շուկա հայկական արտադրանքի դուրսբերումը»։

Այս հարցին արձագանքել է նաև վրացի տնտեսագետ, պաշտոնյա և քաղաքական գործիչ Բեսիկ Լագվիլավան։ Նա ընդգծել է, որ Կովկասում Ռուսաստանը հերթական ծանր պարտությունն է կրել, ինչը վկայում է հետխորհրդային տարածքում Մոսկվայի հեղինակության անկման մասին։ Լագվիլավան նշել է, որ չնայած ռուսական տնտեսական ճնշումները շարունակվելու են, Արևմուտքն այլընտրանքներ է առաջարկում. որպես օրինակ նա բերել է հայկական ծաղիկների մուտքը Նիդերլանդների համաշխարհային բորսա, որն իր գնողունակությամբ մի քանի անգամ գերազանցում է ռուսական շուկան։ Ըստ նրա՝ կարևորը սկզբունքայնությունն է, իսկ Հայաստանն արդեն հստակ ընտրել է իր ճանապարհը։

«Հայ ժողովրդին և ողջ Կովկասին խաղաղություն եմ մաղթում…

Ինչ վերաբերում է ռուսական տնտեսական և քաղաքական ճնշումներին. դրանք կլինեն ու կշարունակվեն։ Սակայն, Ռուսաստանն արգելեց հայկական ծաղիկների ներմուծումը Ռուսաստան, իսկ Նիդերլանդները բացեց և թույլատրեց հայկական ծաղիկների մուտքն աշխարհի թիվ 1 հոլանդական շուկա՝ փաստացիորեն եվրոպական ծաղկի բորսա։ Սա մի շուկա է, որտեղ գնորդների թիվը ռուսականից 4 անգամ ավելի է, և այնտեղ 4 անգամ ավելի հարուստ մարդիկ են։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գլխավորը սկզբունքներն են։ Հայաստանը որոշեց իր ուղին և սկզբունքորեն հետևում է դրան։ Մնացածի, այդ թվում՝ Վրաստանում ընթացող իրադարձությունների վրա ունեցած ազդեցության մասին կխոսենք հաջորդիվ և ավելի խորությամբ»։

Այս թեմային սոցիալական ցանցում ակտիվորեն անդրադարձել է նաև ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։ Նա հրապարակել է հայկական ծիրանից իր պատրաստած ջեմի լուսանկարը և նշել, որ ծիրանը դարձել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների խորհրդանիշը։ Եվրահանձնակատարն ընդգծել է, որ Ռուսաստանն արգելքների միջոցով փորձում էր ազդել հայաստանյան ընտրությունների վրա, սակայն Եվրամիությունը բացեց իր շուկան հայկական արտադրանքի առջև։ Նա կոչ է արել եվրոպացի սպառողներին սուպերմարկետներում գնել հայկական միրգ՝ դրանով իսկ աջակցելով հայ ֆերմերներին և երկրի ժողովրդավարական ընտրությանը։

«Երբ սուպերմարկետ մտնեք, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ կեռասին։ Սա հնարավորություն է անելու մի փոքր քայլ, որը կօգնի հայ ֆերմերներին և կաջակցի իրենց երկրի դեմոկրատական ընտրությանը». սոցիալական ցանցում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։

«Սա ջեմ է, որը ես պատրաստել եմ հայկական ծիրանից։

Ծիրանն այն փոփոխության խորհրդանիշն է, որն այժմ տեղի է ունենում Հայաստանում։ Նախորդ ամսին կայացած ընտրություններին հայերի մեծամասնությունը ձայն տվեց այն կուսակցություններին, որոնք ցանկանում են ավելի սերտ գործընկերություն Եվրամիության հետ։ Ռուսաստանը փորձում էր ազդել ընտրությունների վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան դրան՝ Եվրամիությունն օգնեց Հայաստանին և բացեց սեփական շուկան այդ արտադրանքի մեծ մասի առջև։

Հենց այդ պատճառով, երբ նախորդ շաբաթ Հայաստանում էի, Բրյուսել բերեցի ծիրանով լեցուն մի մեծ զամբյուղ։ Մեծ մասը բաժանեցի ընկերներիս։ Իսկ մնացածից ջեմ պատրաստեցի։

Ընկերներիցս մեկը նայեց ջեմին ու ասաց. «Ազատության տարաներ»։ Կարծում եմ՝ սա շատ գեղեցիկ ձևակերպում էր։

Երբ սուպերմարկետ մտնեք, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ կեռասին։ Սա հնարավորություն է անելու մի փոքրիկ բան, ինչը կօգնի հայ ֆերմերներին և կաջակցի իրենց երկրի դեմոկրատական ընտրությանը»,- գրել է Մարթա Կոսը։