Հորդառատ անձրևները մեծ վնասներ են հասցրել Թելավիի տարածաշրջանին

Վատ եղանակը, Թելավիից բացի, վնասել է մունիցիպալիտետի մի քանի գյուղեր ևս։

Առատ տեղումները ողողել են գյուղատնտեսական հանդակներն ու խաղողի այգիները։

Բնակչությունն ահազանգել է, որ ջուրն ամբողջությամբ ոչնչացրել է հեկտարներով բերքատու խաղողի այգիներ, և իրենք մնացել են առանց բերքի։

Մի քանի ժամ առաջ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակել է Թելավիում տարերային աղետի նախնական գնահատականը։

«Նախնական տվյալներով, Թելավիի մունիցիպալիտետում տեղացած առատ մթնոլորտային տեղումները Թելավիսխևի գետի ավազանում սելավային գործընթացների կտրուկ ակտիվացում են առաջացրել։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության օդերևութաբանական կայանների տվյալներով՝ տեղումների քանակը Թելավիի կայանում կազմել է 57,3 մմ, ինչը Թելավիի ամսական նորմայի 85 տոկոսն է, իսկ Իղալթոյի կայանում՝ 40,1 մմ։

Թելավիում ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով առավոտից տեղում էր Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանների և հիդրոլոգների խումբը։

Նախնական գնահատմամբ՝ Թելավիի մունիցիպալիտետում տեղացած առատ մթնոլորտային տեղումները Թելավիսխևի գետի ավազանում սելավային գործընթացների կտրուկ ակտիվացում են առաջացրել։

Պինդ նստվածքների և ջրի կրիտիկական զանգվածի համակցությունը ձևավորել է հզոր սելավային հոսք։ Գետի միջին հոսանքում տեղակայված երեք սելավակլանիչ կառույցները մասնակիորեն ապահովել են հոսքի զտումը. առաջինը գրեթե ամբողջությամբ կասեցրել է խոշոր փայտանյութը, երկրորդը՝ փոքր քանակությամբ փայտային թափոնները, իսկ երրորդը՝ քարակոպճային զանգվածը։ Չնայած դրան, հոսքի մեծ ծավալն ու էներգիան շրջանցել են երեք կառույցներն էլ ձախ կողմից, որպես ժամանակավոր հուն օգտագործել հին գրունտային ճանապարհը, վնասել ափապաշտպան կառույցներն ու ճանապարհի առանձին հատվածներում առաջացրել ծածկույթի դեֆորմացիա։

Քաղաքի տարածքում գետի հունը չի կարողացել ապահովել սելավային հոսքի ամբողջական թողունակությունը և դուրս է եկել հարակից տարածք։ Սելավային զանգվածի հիմնական կուտակումը արձանագրվել է Թելավիի ստորին հատվածում՝ առանձին ենթակառուցվածքային օբյեկտների մոտակայքում»,- հաղորդել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։

Գործակալությունը հայտնել է, որ մասնագետները տեղում շարունակում են աղետի գոտու մանրամասն ուսումնասիրությունը։