Առանց կադաստրային քաղվածքի արգելվում են խաղողի հանձնումն ու գինու իրացումը

Խաղողի այգիների կադաստրային տվյալների թարմացումը պարտադիր է սեփականատիրոջ փոփոխության, նոր այգու հիմնման, վարձակալության հանձնման և այգու հետ կապված այլ փոփոխությունների դեպքում, հայտնել են Վրաստանի գինու ազգային գործակալությունից։

Ըստ գործակալության` խաղողագործության կադաստրի վարչության ներկայացուցիչները կադաստրային տվյալների թարմացումն իրականացնում են տեղերում՝ խաղողագործական շրջանների բոլոր մունիցիպալիտետներում։

«Գործող կանոնակարգի համաձայն՝ առանց խաղողի այգու կադաստրային քաղվածքի խաղողագործը չի կարողանա ձեռնարկություններին խաղող հանձնել, իսկ գինեգործը՝ գինի իրացնել։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում խաղողագործների տվյալներում փոփոխությունների գրանցման վերաբերյալ խաղողի այգիների կադաստրային 1019 քաղվածք է տրամադրվել։ Տվյալների հավաստիությունն ու ճշգրտությունն ապահովելու նպատակով Կախեթիի, Քարթլիի, Իմերեթիի, Ռաճայի, Լեչխումիի, Սամեգրելոյի և Մեսխեթիի խաղողագործական գոտիներում իրականացվել են դաշտային ստուգումներ, որոնց շրջանակներում վերստուգվել է 226 խաղողագործի սեփականություն հանդիսացող 358 հողակտոր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք՝ Գինու ազգային գործակալությունն այս ծրագիրը սկսել է 2014 թվականին և 2023 թվականին արդեն ընդգրկել է խաղողագործական բոլոր շրջանները։ Խաղողի այգիների կադաստրն անհրաժեշտ է խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացման ու միջազգային շուկաներում վրացական գինու մրցունակության բարձրացման ակնկալիքով։ Այգիների կադաստրը ստեղծվում է յուրաքանչյուր հողակտորի նույնականացմամբ՝ ներառելով խաղողագործների և այգիների մասին մանրամասն նկարագրությունը։ Գրանցված այգու վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է խաղողի սորտերը, տնկման տարեթիվը, այգու վիճակը, տեղադրությունը, մակերեսը և այլ տվյալներ։ Այսօրվա դրությամբ ամբողջ երկրի մասշտաբով նկարագրված է շուրջ 50 հազար հեկտար խաղողի այգու տարածք։