Ուղիղ ավիահաղորդակցություն Թբիլիսիի և Շանհայի միջև

Թբիլիսիի և Շանհայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն է սկսվել։ China Eastern Airlines ավիաընկերությունը պատմության մեջ առաջին անգամ ուղիղ կանոնավոր չվերթ է իրականացրել Թբիլիսիի և Շանհայի միջև։

Ավիաընկերությունն ուղիղ չվերթերն իրականացնելու է շաբաթական երեք անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

«Շանհայի և Թբիլիսիի միջև ուղիղ չվերթերի մեկնարկի որոշումն ընդունվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլիի և չինական China Eastern Airlines ավիաընկերության ղեկավարների հանդիպմանը, որը կայացել էր ընթացիկ տարվա ապրիլին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն փոխնախարարի պաշտոնական այցի շրջանակներում։

Վրաստանի և Չինաստանի միջև օդային հաղորդակցությունն աչքի է ընկնում աճող դինամիկայով։ 2025 թվականին Վրաստանն ընդունել է 100 հազար 470 միջազգային այցելու Չինաստանից, ինչը վկայում է չինական շուկայի պահանջարկի կայուն աճի մասին։

China Eastern Airlines-ը չինական երրորդ խոշորագույն ավիաընկերությունն է, որը կանոնավոր ուղիղ չվերթեր կիրականացնի Վրաստանի և Չինաստանի միջև։ Վրացական ավիաշուկայում արդեն հաջողությամբ գործում են չինական ևս երկու խոշորագույն ավիաընկերություններ՝ Air China-ն և China Southern Airlines-ը։ Երկու ավիաընկերություններն էլ կանոնավոր չվերթեր են իրականացնում Թբիլիսիի և Ուրումչիի միջև, իսկ Air China-ն ուղևորներին առաջարկում է նաև Ուրումչիի վրայով Պեկին մեկնելու հնարավորություն»,- նշված է հաղորդագրության մեջ։