10 ակտիվիստ է ձերբակալվել Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի մոտ

Թբիլիսիի քաղաքային խորհրդի  շենքի մոտ 10 ակտիվիստի են ձերբակալել պաստառների պատճառով։ Երեկ երեկոյան նրանք հավաքվել էին՝ իրենց աջակցությունը հայտնելու ավելի վաղ ձերբակալված ակտիվիստ Թոռնիկե Թոշխուային։ Ի դեպ, Թոշխուային նույնպես ձերբակալել էին բողոքի պաստառի պատճառով։

Ձերբակալությունների վերաբերյալ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել։

«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիի քաղաքային խորհրդի հարակից տարածքում ձերբակալել են 10 անձի, որոնք հանրային տարածքում վեր էին պարզել վիրավորական պաստառներ։ Նրանք նաև բարձրաձայնում էին վիրավորական արտահայտություններ, խախտում էին հասարակական կարգը և դիմադրություն ցույց տալիս իրավապահներին։ Ոստիկանները նշված անձանց ձերբակալել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Տեղի ունեցածին արձագանքել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA)։ Հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ ՆԳՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի արտահայտվելու և հավաքների իրավունքից օգտվելու համար ձերբակալված անձանց և դադարեցնի խաղաղ ցուցարարների ապօրինի հետապնդումը։

«Ցույցերն այս ձևով ցրելը ոչ միայն ապօրինություն է, այլև Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն՝ հավաքների կամ ցույցերի կազմակերպման կամ դրանց մասնակցելու իրավունքի իրականացմանն ապօրինի խոչընդոտում (Քրեական օրենսգրքի 161-րդ հոդված)»,- հայտարարել է GYLA-ն։