Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը քաղաքացիներին ամառային շոգ օրերին առնչվող հանձնարարականներ է տվել։
Կենտրոնի փոխանցմամբ՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում ցանկալի է օրվա ամենաշոգ ժամերին զերծ մնալ փողոցում տեղաշարժից։
Մասնագետները բնակչությանը հորդորում են բավարար քանակությամբ ջուր խմել և խուսափել ալկոհոլի, քաղցր և կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումից։
«Խորհուրդ է տրվում զերծ մնալ բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունից և դա տեղափոխել օրվա համեմատաբար զով հատված՝ առավոտյան ժամերին։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնը խստորեն նախազգուշացնում է ծնողներին և ընտանի կենդանիների տերերին, որ անթույլատրելի է երեխաներին ու կենդանիներին թողնել կանգնած ավտոմեքենայում, քանի որ բարձր ջերմաստիճանը լուրջ սպառնալիք է ներկայացնում նրանց առողջությանն ու կյանքին։
Փողոց դուրս գալիս խորհուրդ է տրվում կրել բաց գույնի, ազատ և բնական կտորից հագուստ, նաև օգտագործել գլխարկ, հովանոց և արևապաշտպան ակնոց։ Բնակելի տարածքում կարևոր է զովության պահպանումը, սենյակների օդափոխումը գիշերային և առավոտյան ժամերին։
Մասնագետների պարզաբանմամբ՝ ջերմային ալիքները և բարձր ջերմաստիճանը շարունակում են մնալ հանրային առողջապահության գլխավոր մարտահրավերներից մեկը։ Կլիմայի փոփոխության ֆոնին Վրաստանում ևս մեծանում են բարձր ջերմաստիճանի հաճախականությունն ու տևողությունը, ինչը նպաստում է ջերմաստիճանի նկատմամբ զգայուն հիվանդությունների տարածմանը, նաև քրոնիկական ոչ վարակիչ հիվանդությունների սրմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։