Վրաստամում դպրոցական համազգեստ կրելու հարցը քննարկվելու է անհատապես, և դպրոցը ծնողի հետ հաղորդակցության ու համագործակցության միջոցով պարզելու է աշակերտի՝ համազգեստ կրելուց հրաժարվելու պատճառները, տեսաուղերձում հայտարարել է կրթության նախարար Գիվի Միքանաձեն։
Նրա խոսքով՝ եթե աշակերտը առողջական վիճակի պատճառով չի կարող դպրոցական համազգեստ կրել, ծնողը պետք է ներկայացնի համապատասխան բժշկական տեղեկանք, որի հիման վրա երեխան կազատվի համազգեստ կրելու պարտադրանքից։
«Դպրոցը ծնողի հետ հաղորդակցության ու համագործակցության միջոցով կպարզի դրա պատճառները։ Եթե երեխան առողջական վիճակի պատճառով չի կարող համազգեստ կրել, ծնողը ներկայացնում է համապատասխան բժշկական տեղեկանք, որի հիման վրա աշակերտն ազատվում է համազգեստ կրելուց, և նրանից կպահանջվի միայն պահպանել ներքին կանոնակարգով սահմանված հագուստի ձևը։
Յուրաքանչյուր նման դեպք քննարկվելու է անհատապես՝ հաշվի առնելով երեխայի առողջությունն ու լավագույն շահերը», — ասել է Միքանաձեն։
Նախարարի պարզաբանմամբ՝ եթե ծնողը չկարողանա հիմնավորել, թե ինչու է աշակերտը հրաժարվում դպրոցական համազգեստ կրելուց, հարցը կկարգավորվի դպրոցի ներքին կանոնակարգով։
«Այն դեպքում, եթե ծնողը չի հիմնավորում, թե ինչու է աշակերտը հրաժարվում դպրոցական համազգեստ կրելուց, հարցը կարգավորվելու է դպրոցի ներքին կանոնակարգին համապատասխան։ Եվս մեկ անգամ նշեմ, որ յուրաքանչյուր դեպք քննարկվելու է դպրոցում գործող կանոնների և կարգապահական ընթացակարգերի շրջանակներում՝ հաշվի առնելով աշակերտի լավագույն շահն ու դաստիարակչական մոտեցումները», — ասել է կրթության նախարարը։