Տարերքի հետևանքները վերացնելու նպատակով Թելավիի մունիցիպալիտետին 500 հազար լարի է հատկացվել։
Կառավարության հաղորդմամբ՝ համապատասխան կարգադրությունը ստորագրել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ֆինանսների նախարարությունը գումարը կհատկացնի պահուստային ֆոնդից։
2026 թվականի հուլիսի 12-ի լուսաբացին Թելավիում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Թելավիսխևի գետը դուրս է եկել հունից, և հեղեղատար հոսքը ջրասույզ է արել քաղաքի մի քանի փողոց։ Տարերքը լուրջ վնասներ է պատճառել։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ` ըստ հիդրոօդերևութաբանական կայանների, տեղումների քանակը Թելավիի կայանում կազմել է 57.3 մմ, ինչը կազմում է Թելավիի ամսական նորմայի 85%-ը, իսկ Իյալթոյի կայանում՝ 40.1 մմ։
Տիղմով ու քարերով հեղեղատար հոսքը լիովին քանդել է երկու փողոց միացնող կամուրջը։ Լուրջ վնասվել են Կավկասիոնիի և Ալազանիի պողոտաները։
Ջրասույզ են եղել բնակելի շենքերի առաջին հարկերը, կոմերցիոն տարածքները, դեղատները, կլինիկան և խանութները․ դրանց գույքն ամբողջությամբ ոչնչացել է։ Վնասվել են էլեկտրահաղորդման գծերն ու ավտոմեքենաները։ Անջատվել են հազարավոր բաժանորդների բնական գազն ու էլեկտրաէներգիան։