Շիո III-ն ընդունել է Տիեզերական պատրիարքության ներկայացուցիչ Էմանուելին

Վրաստանի պատրիարքարանի հաղորդմամբ՝ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Շիո III-ն ընդունել է Տիեզերական պատրիարքության ներկայացուցիչ, Քաղկեդոնի միտրոպոլիտ Էմանուելին։

Պատրիարքարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են միտրոպոլիտներ, Վրաց Ուղղափառ եկեղեցու ավագ քահանա Գեորգի Զվիադաձեն, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի քարտուղար, ավագ քահանա Միքաել Բոտկովելին, Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, ավագ քահանա Անդրիա Ջաղմաիձեն և նրա տեղակալ, ավագ քահանա Գուրամ Ճարելաշվիլին, պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ, ավագ քահանա Արչիլ Խաչիձեն և այլ հոգևորականներ։

«Հանդիպումն անցել է շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում։ Հյուրը Նորին Սրբությանը փոխանցել է Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի եղբայրական ողջույնները, շնորհավորել նրան գահակալման առթիվ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։

Զրույցը վերաբերել է Կոստանդնուպոլսի և Վրաստանի ուղղափառ եկեղեցիների միջև առկա եղբայրական հարաբերությունների շարունակմանն ու ամրապնդմանը։ Հանդիպման կարևոր մասը հատկացվել է Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ի՝ Կոստանդնուպոլիս սպասվող այցի քննարկմանը»,- գրել է Պատրիարքարանը։

Պատրիարքարանի տեղեկացմամբ՝ հանդիպման մասնակիցները հիշել են Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության արարողությունը և այդ օրը Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի այցը Վրաստան։ Ըստ հայտարարության՝ Շիո III-ն այդ այցի և ցավակցության համար ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել Տիեզերական պատրիարքին։