«Վրացական երազանք»-ի նախկին առաջնորդ և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որ ներկայումս բանտում է կոռուպցիայի մեղադրանքով, նամակ է հրապարակել, որտեղ պատմում է իր նախկին թիմակից Մամուկա Մդինարաձեի մասին, որը պահանջել է Ղարիբաշվիլիից` խոստովանել կոռուպցիոն նոր հանցանքների մասին։
«Ես ուզում եմ հանրությանը ճշմարտությունն ասել այն մասին, թե ինչու եմ բանտում։ Անցյալ տարի սկսված, այսպես կոչված, «կոռուպցիայի դեմ պայքարի» արշավի հիմնական նպատակն էր ինձ բանտարկել և քաղաքականապես ոչնչացնել։ Ես լիակատար պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամեն ինչ արել եմ՝ խուսափելու համար բախման մեջ մտնել թիմի և ինձ համար թանկ մարդու հետ։ Հենց այդ նպատակով եմ հրաժարվել իրավական պայքարից և մինչև վերջ հետևել եմ ինձ համար կործանարար գործընթացին՝ չվնասելու համար պետության և թիմի շահերը։
Ցավոք, դրա դիմաց ես ստացա բեմադրված կեղտոտ սադրանք, բազմաթիվ ստեր և անարդարություն։ Այս ամբողջ ընթացքում հանրությունը ինձանից ոչ մի բառ չի լսել։ Ես այս փորձությունն ընդունել եմ լիակատար համբերատարությամբ։
Սակայն ինձ համար անսպասելիորեն հուլիսին նամակ ստացա Մամուկա Մդինարաձեից։ Նույն օրը ես նրան հայտնեցի իմ դիրքորոշումը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ չեմ պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: Սակայն, ի պատասխան ինձ ասացին, որ դեռևս կա 1% ռիսկ, որ կվերադառնամ քաղաքականություն, և դրա համար անհրաժեշտ էր ինձ կոռուպցիայի մեղադրանք առաջադրել և խոստովանել դա։
Սա այն կարմիր գիծն էր, որը ստիպեց ինձ անել կյանքիս ամենադժվար քայլը։ Հետևաբար, քանի որ ես այլ ընտրություն չունեմ, ստիպված եմ պայքար սկսել»,- ասված է հայտարարության մեջ։