Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի լրատվական ծառայությունը հոկտեմբերի 1-ին տարածել է Իրակլի Կոբախիձեի և Դոնալդ Թրամփի լուսանկարը։ Այս լուսանկարն արվել է 9 օր առաջ՝ սեպտեմբերի 22-ին, Նյու Յորքում, որտեղ Կոբախիձեն այլ երկրների ղեկավարների հետ միասին մասնակցել է Թրամփի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։
Այս ընդունելությունն ավանդաբար ԱՄՆ նախագահները կազմակերպում են ամեն տարի այն առաջնորդների համար, ովքեր մեկնում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական ընդունելությանը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին մասնակցող պետությունների ղեկավարների պատվին», — նշված է հայտարարության մեջ։
Նշենք․ սեպտեմբերի 27-ին Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ՄԱԿ-ում կազմակերպված ընդունելության ժամանակ հանդիպել է Թրամփին և ունեցել «կարճատև զրույց»։
«Այցի շրջանակներում ես հնարավորություն ունեցա զրուցելու ինչպես ԱՄՆ նախագահի, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղարի հետ, որտեղ կարճ նշեցի, որ մեր ցանկությունն է ռազմավարական գործընկերության վերականգնումը։ Սա ըստ էության կախված է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Մեր կողմից քայլն արված է, սպասում ենք ընդառաջ քայլերի։ Սա էր իմ ուղերձը կարճատև զրույցի ընթացքում՝ ինչպես ԱՄՆ նախագահին, այնպես էլ պետքարտուղարին։
Կարճատև զրույց ունեցա ինչպես Ամերիկայի նախագահի, այնպես էլ պետքարտուղարի հետ ընդունելության շրջանակներում և ընդգծեցի մեզ համար ռազմավարական գործընկերության վերականգնման կարևորությունը։ Մեր կողմից հայտնվեց ռազմավարական գործընկերությունը վերականգնելու ցանկություն, շատ դրական տրամադրվածություն կար, դրական ընթացավ այս կարճատև զրույցը», — հայտարարել է Կոբախիձեն։