Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արիին։

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության և հարաբերությունների խորացման հնարավորությունները։

«Զրույցը վերաբերել է համատեղ տարածաշրջանային ծրագրերին և առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարևորությանը։ Այս համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման նշանակությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։