Անսթափ վարորդը չի կարողանա գործարկել մեքենան

Վրաստանի կառավարությունը ծրագրում է ավտոմեքենաներում ներդնել «ալկոհոլային արգելափակման սարքեր», որոնց շնորհիվ անսթափ վարորդը չի կարողանա գործարկել մեքենան։

BPN լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը նախատեսված է Վրաստանի 2026-2030 թվականների Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության մեջ։ Alcohol Interlock համակարգը վարորդին թույլ չի տալիս գործարկել ավտոմեքենայի շարժիչը, եթե նրա օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը գերազանցում է օրենսդրությամբ թույլատրելի շեմը։ Համապատասխանաբար, սարքի տեղադրման նպատակն անսթափ վիճակում մեքենա վարելու կանխարգելումն է։

Փաստաթղթում նշված է, որ Վրաստանում ալկոհոլային անսթափությունը շարունակում է մնալ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը։ 2025 թվականի առաջին եռամսյակում ալկոհոլի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելը 109 դեպքում նշվել է որպես ճանապարհատրանսպորտային պատահարի ենթադրյալ պատճառ։ Նշված դեպքերին զոհ է գնացել 15 մարդ, իսկ 129 մարդ վիրավորվել է։

Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության 2026-2027 թվականների գործողությունների ծրագրի իրականացման մոտավոր արժեքը կազմում է 98 մլն 923 հազար 578 լարի։