Քաղհասարակությունը՝ իշխանությունների տեղեկատվական արշավի և ռուսական նարատիվների մասին

Վրաստանի քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի` «Վրացական երազանք»-ի իրականացվող տեղեկատվական արշավը և ռուսական նարատիվների տարածումը գնահատել են երկրի պետականության հիմքերի դեմ ուղղված քայլ։

Ստորագրողները խստորեն դատապարտել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմին առնչվող հաղորդագրությունները և հանրային տիրույթում «ռուսատյացություն» տերմինը արհեստականորեն արմատավորելու փորձը։

Փաստաթղթում նշված է, որ իշխանական հռետորաբանությունն ուղղակիորեն կապված է եվրաինտեգրման գործընթացի կասեցման, քաղաքական բանտարկյալների հարցի, Ռուսաստանից տնտեսական կախվածության խորացման և անվերահսկելի միգրացիոն գործընթացների հետ։

«Անհրաժեշտ ենք համարում հրապարակայնորեն արձագանքել և հստակ պատասխան տալ ռուսական պրոպագանդայի հոսքին, որը բխում է «Վրացական երազանք» կուսակցության և նրա հետ կապված տարբեր կազմակերպությունների գործելակերպից։ Ցանկանում ենք հասարակությանը հիշեցնել, որ այս համակարգված արշավը ծանրագույն հետևանքներով է հղի մեր երկրի և նրա յուրաքանչյուր քաղաքացու շահերի, Վրաստանի ապագայի առումով։ Վրաստանի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի 18-րդ տարելիցի օրերին օկուպանտ երկրի քարոզչական հաղորդագրությունների և նարատիվների տարածումը հատկապես մասշտաբային և ինտենսիվ բնույթ է ստացել»,- ասված է հայտարարության մեջ։