«Վրացական երազանք»-ի առաջնորդ Շալվա Պապուաշվիլին, որը նաև զբաղեցնում է Վրաստանի խորհրդարանի 10-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնը, ՄԱԿ-ում Եվրամիության դեսպանի հայտարարությունը, որտեղ խոսվում է Վրաստանում «ձերբակալությունների և բռնաճնշումների աճի» մասին, անվանել է «ապատեղեկատվություն»։
«Այս հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Բրյուսելի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ փակուղու մեջ է։ Բրյուսելը նման է զինվորի, որը տեղյակ չէ, որ պատերազմն ավարտվել է, և դեռևս պլանավորում է ռազմական գործողություններ:
Ժամանակն է, որ Բրյուսելը դուրս գա պատրանքների աշխարհից։ Եթե ԵՄ պաշտոնյաները ցանկանում են կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ հռետորաբանությունը Վրաստանի նկատմամբ, հրաժարվեն տեղեկատվական ծառայություններ մատուցել պարտված հեղափոխական սցենարի համար», — գրել է Պապուաշվիլին Ֆեյսբուքում։
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ՄԱԿ-ում ԵՄ դեսպան Միշել Սերվոնե դ’Ուրզը հրապարակել է կոչ, որում խոսել է մի շարք երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին՝ կապված Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցի հետ։
Նա Վրաստանի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել.
«ԵՄ-ն հիշեցնում է Վրաստանի հանձնառությունը՝ պաշտպանելու հիմնարար ազատությունները և կոչ է անում նրան չեղյալ հայտարարել կամ էապես վերանայել վերջերս ընդունված օրենսդրությունը, որը խաթարում է մարդու իրավունքների միջազգային չափանիշները»։