TV Pirveli-ի տեղեկություններով՝ Վրաստանի մշակույթի նախարար է նշանակվելու Մաիա Բիթաձեն։ Նա այժմ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է։
49-ամյա Մաիա Բիթաձեն միջազգային իրավունքի մասնագետ է։
2011-2017 թվականներին նա զբաղեցրել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարության իրավաբանական դեպարտամենտի պետի և նախարարի տեղակալի պաշտոնները։ 2017-2020 թվականներին եղել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի տեղակալը։
2020 թվականից Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է։
Մշակույթի նախարարի պաշտոնը թափուր է մնացել Թիկա Ռուխաձեի նախարարի պաշտոնը թողնելու մասին սոցիալական ցանցում հուլիսի 28-ին հրապարակած հայտարարությունից հետո։
Սեպտեմբերի 14-ին «Վրացական երազանք»-ի թիմում առկա և սպասվող փոփոխությունների մասին իր խոսքում Իրակլի Կոբախիձեն ասել է, որ մշակույթի նախարարին կնշանակեն մոտ ապագայում։ Նա նաև ակնարկել է, որ թեկնածուին ընտրել են խորհրդարանից։
Այժմ Վրաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատարն է մասնագիտությամբ տնտեսագետ Միխեիլ Կիկնաձեն։ Մինչև 2025 թվականը նա զբաղեցնում էր նախարարության ներքին աուդիտի և մոնիտորինգի դեպարտամենտի պետի պաշտոնը։