Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օսթրիանին։
Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարը շնորհավորել է գործերի ժամանակավոր հավատարմատարին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։
«Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Այդ թվում՝ հարաբերությունների ապագա զարգացման հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երկկողմ առևտուրը, էներգետիկան, տրանսպորտը և լոգիստիկան, ներդրումները, կապակցվածության ամրապնդումը և այլն։
Ուշադրություն է հրավիրվել Միջին միջանցքի կարևորության վրա՝ տարածաշրջանում կապակցվածության ամրապնդման տեսանկյունից, և Վրաստանի պատրաստակամությանը՝ սպասարկելու Ասիայի և Եվրոպայի միջև աճող բեռնափոխադրումները։ Վրացական կողմը մանրամասն խոսել է սեփական տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքները զարգացնելու և դրանով իսկ Միջին միջանցքում երկրի մրցունակության բարձրացմանը նպաստելու կառավարության ռազմավարական պատկերացման մասին։ Ընդգծվել են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Անակլիայի խորջրյա նավահանգիստը, երկաթուղու արդիականացումը, Արևելք-Արևմուտք ավտոմայրուղին, Թբիլիսիի նոր օդանավակայանի կառուցումը և ընդհանուր առմամբ երկրի ավիացիոն ենթակառուցվածքների զարգացումը։
Կողմերը խոսել են նաև Սև ծովի ստորջրյա էներգետիկ կաբելի նախագծի և ընդհանուր առմամբ երկրի կանաչ էներգետիկայի զարգացման մասին։
Շեշտվել է, որ Միջին միջանցքը այժմ կա և ապագայում էլ կմնա ամենաանվտանգ տարանցիկ երթուղիներից մեկը։
Հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալներ Գենադի Արվելաձեն և Թամար Իոսելիանին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։