«Պահպանողականներ Վրաստանի համար» կուսակցությունը հայտնել է «Վրացական հողերի պաշտպանության ազգային միության» ստեղծման մասին, նպատակը` բողոքել ընդդեմ արաբական «Eagle Hills» ընկերության Վրաստանում իրականացվելիք նախագծի: Միության ստեղծման մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիորգի Քարդավան, Թբիլիսիի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ:
Քարդավայի խոսքով՝ խորհրդակցություններ կսկսվեն բոլոր «ազգային, առողջ քաղաքական խմբերի» հետ:
Թբիլիսիի կենտրոնում հանրահավաքը տեղի է ունեցել «Eagle Hills» ընկերության ներդրումների և, կազմակերպիչների խոսքով, «արաբական քաղաքների» կառուցման ու «անվերահսկելի միգրացիայի» դեմ:
Հատկանշական է, որ արաբական «Eagle Hills» ընկերությունը նախատեսում է խոշորածավալ նախագծեր իրականացնել Թբիլիսիում՝ Կրծանիսի անտառապարկի տարածքում, և Գոնիոյում՝ նախկին ռազմական վարժարանի տարածքում: