Եվրամիությունը հաստատակամորեն աջակցում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և մեկ անգամ ևս հաստատում է իր հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ, նշված է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ` Սուխումիի անկման օրվա կապակցությամբ։
«Սեպտեմբերի 27-ը՝ Սուխումիի անկման օրը, մնում է Վրաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
Հարգանքի տուրք ենք մատուցում պատերազմում զոհվածների հիշատակին և մտածում նրանց մասին, ովքեր մինչ օրս չեն կարողանում վերադառնալ իրենց տները»,- նշված է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ։