Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարել Ասիայի խոշորագույն կոնգլոմերատներից մեկի՝ Thai Charoen Pokphand Group (CP Group) ղեկավարության հետ։ Հոլդինգը ուսումնասիրում է երկրում խոշորածավալ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերին մասնակցելու հնարավորությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել են C.P. Group-ի նախագահ Քրիս Սոոպակիջ Չեարավանոնտի հետ։ Բանակցություններին մասնակցել են նաև Silk Road Group-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին և հոլդինգի խոշոր բաժնետեր Էրկին Տատիշևը։ Վերջինս, ըստ Forbes-ի, Ղազախստանի ամենահարուստ գործարարներից մեկն է։
Կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպման հիմնական թեմաներն էին ռազմավարական ենթակառուցվածքային նախաձեռնությունները՝ Անակլիայի խորջրյա նավահանգստի և Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի գյուղում նոր միջազգային օդանավակայանի կառուցումը։ Կողմերը քննարկել են իրենց դերը տարածաշրջանային լոգիստիկ կապի ամրապնդման և երկրի տարանցիկ ներուժի զարգացման գործում։