Ռուսթավելիի պողոտայի վերականգնման ավարտի ժամկետը հետաձգվել է 1 ամսով: Տեղեկությունը տարածում է BMG-ն և գրում, որ վերականգնման ավարտը հետաձգվել է մինչև դեկտեմբերի վերջ։ Թբիլիսիի քաղաքապետարանի և ծրագրի կապալառու «Սմարթ Սոլուշն» ընկերության միջև հոկտեմբերի 30-ին կնքված պայմանագրի փոփոխությամբ՝ աշխատանքների կատարման ժամկետը 100 օրից հասցվել է 130 օրացուցային օրվա։ Որպես պատճառ նշված են «մի շարք չնախատեսված իրադարձություններն ու տեղումները»։ Երկարաձգումը վերաբերում է վերականգնման բոլոր երեք հատվածներին։
Հոկտեմբերի 30-ին կնքված պայմանագրի փոփոխության մեջ ժամկետի երկարաձգման պատճառով ընկերությունը նշում է մի քանի հանգամանք։ Դրանց թվում են աշխատանքների ընթացքում ի հայտ եկած չնախատեսված գործոնները, որոնք առաջացրել են նախագծային որոշումների փոփոխման և աշխատանքների ծավալի ավելացման անհրաժեշտություն։ Փաստաթղթի համաձայն՝ աշխատանքային գործընթացը խոչընդոտել են նաև տարբեր կոմունիկացիոն ընկերությունների կողմից սեփական ցանցերում իրականացվող վերականգնողական աշխատանքները։
«Աշխատանքների իրականացման գործընթացում ի հայտ են եկել մի շարք չնախատեսված գործոններ, ինչն առաջացրել է նախագծային որոշումներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն և ավելացրել է կատարվելիք աշխատանքների ծավալները․ նախագծային օբյեկտում սեփական ցանցերի վերականգնում էր իրականացնում մի շարք կոմունիկացիոն ընկերություն, ինչը «Սմարթ Սոլուշն» ՍՊԸ-ին սահմանափակում էր միասնական աշխատանքային ճակատ ունենալու հարցում և հանդիսանում էր նշանակալի խոչընդոտող հանգամանք», — նշված է պայմանագրի փոփոխության մեջ։
Համապատասխանաբար, պայմանագրի նոր խմբագրությամբ՝ «Սմարթ Սոլուշն»-ը աշխատանքները պետք է ավարտի գրավոր հանձնարարականը ստանալուց հետո 130 օրացուցային օրվա ընթացքում։ Ընկերությանը նաև հանձնարարվել է երկարաձգել պայմանագրի կատարման ապահովման երաշխիքի գործողության ժամկետը մինչև 2027 թվականի հունվարի 29-ը։