Վրաստանը հրավիրված չէ հաջորդ շաբաթ նախատեսված ԵՄ ընդլայնման ֆորումին.

Վրաստանը հրավիրված չէ հաջորդ շաբաթ նախատեսված ընդլայնման ֆորումին. այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի խոսնակ Գիոմ Մերսիեն:

Նրա խոսքով՝ Եվրամիության և Վրաստանի միջև հարաբերությունները կրկին կմնան սահմանափակ ռեժիմում, քանի դեռ Վրաստանի իշխանությունը չի տրամադրի գործող կուրսը փոխելու հաստատուն պատրաստակամություն, ինչպես դա նկարագրված է ընդլայնման մասին զեկույցում:

«Կարծում եմ՝ կարևոր է նշել, որ ընթացիկ ճգնաժամից ելք գտնելու նպատակով մենք միշտ պահպանել ենք բացությունն ու կոնստրուկտիվ մոտեցումը փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության նկատմամբ: Սակայն, ինչպես գիտեք, Վրաստանի իշխանության հետ հարաբերությունները կրկին կմնան սահմանափակ, քանի դեռ իշխանությունը չի ցուցաբերի հաստատուն պատրաստակամություն՝ փոխելու գոյություն ունեցող կուրսը, ինչպես դա նկարագրված է ընդլայնման մասին զեկույցում: Ինչ վերաբերում է հաջորդ շաբաթ նախատեսված ընդլայնման ֆորումի հանդիպմանը, կարող եմ հաստատել, որ Վրաստանն այնտեղ հրավիրված չէ:

Ինչ վերաբերում է երկրորդ հանդիպմանը՝ կապակցվածության հարցերով նախարարականին, որը տեղի կունենա առաջիկա երկուշաբթի, ինչպես դա տեղի է ունեցել նաև անցյալում, նման հանդիպումներին Վրաստանի մասնակցությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշվում է առանձին, և այդ որոշումը կայացնելիս հաշվի են առնվում նաև Եվրամիության շահերը: Ինչ վերաբերում է բուն այս հանդիպմանը, կարող եմ հաստատել, որ Վրաստանի իշխանությունը հրավիրված է, սակայն ավելի ցածր մակարդակով», — հայտարարել է Գիոմ Մերսիեն: