Վրաստանում 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է ալկոհոլային հարբածության վիճակում ավտոմեքենա վարելու գրեթե 19.2 հազար դեպք: Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ բացահայտված դեպքերի մեծ մասում վարորդի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0.7 պրոմիլեն, կամ վարորդը խուսափել է հարբածությունը պարզելու ստուգումից:
Մասնավորապես, 11 հազար 216 դեպքում վարորդի արյան մեջ էթանոլի պարունակությունը գերազանցել է 0.7 պրոմիլեն, կամ նա հրաժարվել է ստուգումից: Իսկ համեմատաբար թեթև ալկոհոլային հարբածության՝ 0.3-ից ավելի և 0.7 պրոմիլեից ոչ բարձր կատեգորիայում բացահայտվել է 7907 դեպք:
Երկու կատեգորիաներում էլ ամենաշատ իրավախախտումներն արձանագրվել են Թբիլիսիում: Արյան մեջ 0.3-ից ավելի և մինչև 0.7 պրոմիլե ալկոհոլի պարունակության դեպքում մայրաքաղաքին բաժին է ընկնում 2849 դեպք, որին հաջորդում են Աջարիան՝ 1 140 դեպքով, և Իմերեթին՝ 965 դեպքով:
Ինչ վերաբերում է 0.7 պրոմիլեից ավելի ալկոհոլի պարունակությանը կամ ստուգումից խուսափելուն, ապա Թբիլիսիում բացահայտվել է նման 3925 դեպք: Աջարիայում այդ ցուցանիշը կազմել է 1265, իսկ Իմերեթիում՝ 1206:
Վիճակագրության մեջ առանձին հաշվառված են այն դեպքերը, երբ վարորդներն ալկոհոլային հարբածության վիճակում ավտոմեքենա են վարել վարորդական իրավունքի կասեցման ժամանակահատվածում՝ չնայած նրան, որ նույն խախտման համար արդեն ենթարկվել էին վարչական տույժի: Բացահայտվել է նման 690 դեպք: Եվս 772 դեպքում ալկոհոլային հարբածության վիճակում վարելը կամ ստուգումից խուսափելն արձանագրվել է կրկնակի անգամ: