Վրաստանի հայ համայնքի կոչը կառավարությանը

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր կայքում հայտարարություն է տարածել «Վրաստանի իշխանությունների և Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների սահմանադրական իրավունքների կոպիտ խախտման կապակցությամբ»։ Դիմում-հայտարարության մեջ ներկայացված է 5 կոչ վրաստանյան իշխանություններին, որոնք կապված են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված թբիլիսյան միջոցառումների հետ:

«Վրաստանում գործող օրենսդրության համաձայն «Վրաստանի hայ համայնքը» այս տարի ևս քաղաքային իշխանություններին տեղեկացրել է Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ծրագրած հայ ժողովրդի ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացնելու մասին»,- նշված է հայտարարությունում:

Նաև նշվում է, որ, սակայն, ժամանելով ակցիայի համար նախատեսված տարածք, մասնակիցները ականատես են լինում «կրկեսի»՝ կազմակերպված Թուրքիայի դեսպանության կողմից:

«Այս ամենի արդյունքում Վրաստանի hայ համայնքը զրկվել է Վրաստանի Սահմանադրության կողմից արտոնված իր իրավունքից, այն է՝ նախապես հայտարարված միջոցառումն անցկացնել ծրագրված վայրում և ծրագրված ձևաչափով»,- ասում են «Վրաստանի հայ համայնքում»։

Մեզ հետ զրույցում «Վրաստանի հայ համայնք»-ի նախագահ Սամվել Մկրտչյանն ասում է․ «դիմել ենք բոլոր այն մարդկանց ու մարմիններին, ովքեր աջակցել են այդ խեղկատակությունն անցկացնելուն: Մեր բողոքն ու պահանջը Թուրքիայի պետությունից է, բայց առավել մեծ պահանջ ունենք նաև մեր պետությունից ու իշխանությունից: Եթե Թուրքիայի կողմից նման քայլերը սպասելի էին, ապա մենք չէինք սպասում նույնը մեր պետությունից»:

ՀԿ-ն ի դիմումի մեջ առանձնացնում է նաև Վրաստանի բոլոր այն պետական պաշտոնյաների գործողությունները, որոնք, ըստ նրա, աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի դեսպանատան կողմից միջոցառումը կազմակերպելուն: ՀԿ-ի կոչերը ներկայացնում ենք անփոփոխ.

Ա «Վրաստանի Արտաքին գործերի նախարարությանը, արտաքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին՝ ուսումնասիրել 2019 թվականի ապրիլի 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտման փաստը։ Կատարվածին համապատասխան գնահատական տալ և անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկել։ Դատապարտել օտար պետության՝ Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու փաստը։

Բ․ Վրաստանի Ներքին Գործերի նախարարությանը՝ հետաքննել, թե ով և ինչի հիման վրա է որոշում կայացրել թույլատրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը զուգահեռ միջոցառում անցկացնել նույն տարածքում, նույն ժամին, ինչը որ նշված է եղել «Վրաստանի հայ համայնք»-ի ծանուցման մեջ՝ դրանով իսկ խանգարելով Վրաստանի քաղաքացիների օրինական և սահմանադրական իրավունքների իրականացմանը։ Ձեռնարկել համապատասխան իրավական արձագանք։

Գ Վրաստանի տարածքում գործող բոլոր քաղաքական կուսակցություններին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի հռչակագրի հիմնարար նորմերի և Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտման փաստերը։

Դ․ Վրաստանի Կառավարությանն ու նախագահին՝ դատապարտել Վրաստանի քաղաքացիների՝ ազգային փոքրամասնությունների սահմանադրական իրավունքների ոտնահարման փաստը, ձեռնարկել գործնական քայլեր վրացական պետության առանց բացառության բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանության համար։

Ե Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը՝ հրապարակային ներողություն հայցել Վրաստանի քաղաքացիներից և դադարեցնել Վրաստանի քաղաքացիների հանդեպ՝ իրենց իսկ պետության տարածքում խտրականության և հետապնդման քաղաքականություն վարելը։

Հիշեցնենք, ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն, «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախաձեռնությամբ վիրահայերը բողոքի ցույց անցկացրին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև: Այս անգամ, սակայն, ցույցն ուղեկցվում էր Թուրքիայի դեսպանատան կազմակերպած երեխաների տոնին նվիրված համերգով, ինչը «Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպանը համարեց խաղաղության ուղերձ։