Աբխազիան և Ցխինվալիի շրջանը Վրաստան են. Մելիան՝ Կոբախիձեին

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն այնքան է կուրացել թշնամուն ծառայելով, որ չի էլ տեսնում, թե Վրաստանի ու Ռուսաստանի միջև ինչ մեծ տարբերություն կա:

Մելիան նշել է, որ Ուկրաինան Ռուսաստան չէ, Աբխազիան և Ցխինվալիի շրջանը Վրաստան են, սակայն, ցավոք, անհայրենիք Կոբախիձեն դա չի հասկանում:

«Կարծում եմ, որ Կոբախիձեի հայտարարությունը զարմացրել է «Վրացական երազանքի» մեծ թվով կողմնակիցներին, նաև բոլոր առողջ դատող մարդկանց։ Այս հայտարարությամբ Կոբախիձեն «Վրացական երազանքի» ընտրողներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նրանք քվեարկել են ոչ թե «Վրացական երազանքի», այլ «Ռուսական երազանքի» օգտին»,- հայտարարել է Մելիան։

Նշենք, որ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն երեկ «Ռուսթավի 2»-ի եթերում ասել է հետևյալը.

«Մենք չպետք է թույլ տանք որևէ պատերազմ, որտեղ վրացիներն ու աբխազները, վրացիներն ու օսերը կրկին կբախվեն միմյանց՝ զենքը ձեռքին»:

Երթ Սոխումիի անկման օրը. ընդդիմությունը մտադիր է փոխել իշխանությունը