Աբխազիան և Ցխինվալին ողջունել են Ռուսաստանի որոշումը

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի դե ֆակտո ղեկավարները հայտարարել են, որ իրենք սատարում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչման որոշումը։ 

Աբխազիայի դե ֆակտո նախագահ՝ Ասլան Բժանիան հատուկ հայտարարության մեջ նշել է, որ Մոսկվայի որոշումը «արդար է, հիմնված է աշխարհաքաղաքական իրականության համարժեք գնահատման վրա և համահունչ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին»: 

«Որպես Ռուսաստանի դաշնակից՝ Աբխազիայի Հանրապետությունը պաշտպանում է Ռուսաստանի ղեկավարության որոշումը։ Մենք վստահ ենք, որ այս որոշումը երկարաժամկետ հեռանկարում կօգնի ամրապնդել տարածաշրջանում անվտանգության ստեղծումը։ Բացի այդ, մենք կարծում ենք, որ Դոնբասի հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի որոշումը կնպաստի ավելի արդար և հավասարակշռված աշխարհակարգի ձևավորմանը»,- ասել է Բժանիան։ 

Իր խոսքի մեջ Բժանիան՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդին մաղթել է իրավիճակի շուտափույթ կարգավորում, խաղաղություն և բարգավաճում։ 

Ցխինվալիի դե ֆակտո նախագահ՝ Անատոլի Բիբիլովը Պուտինի որոշումն անվանել է «սպասված ու արդարացված»։ 

«Դոնբասի ճանաչումը միլիոնավոր մարդկանց համար ավելի լավ ապագայի հույսն է։ Ռուսաստանի կողմից անկախության ճանաչումն արդեն 13 տարի խաղաղություն է ապահովում Հարավային Օսիայի Հանրապետության տարածքում»,- ասել է Բիբիլովը։