Հայաստանի քաղաքացիների համար Վրաստան մուտքի կանոնները փոխվել են․ պարզաբանում դեսպանատնից

Մարտի 1-ից կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ (երկու դոզայով) պատվաստված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործելիս կազատվեն PCR թեստ ներկայացնելու պահանջից, ինչպես նաև երրորդ օրը PCR թեստ ևս չեն հանձնի։ Այս մասին «Ալիք Մեդիային» հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանության տվյալներով՝  պատվաստման սերտիֆիկատ չունեցող ՀՀ քաղաքացիները Վրաստանի ցամաքային սահման հասնելիս պարտավոր են ներկայացնել PCR թեսթի բացասական պատասխան։

Ըստ տվյալների՝ PCR թեստի պահանջից ազատվում են նաև Հայաստանում պատվաստված Վրաստանի քաղաքացիները։

Ընդգծենք, որ այս պահին Վրաստանի ցամաքային ճանապարհով Ռուսաստան մուտք գործել դեռևս հնարավոր չէ։