Աբխազիայի դե ֆակտո նախագահը Բելառուսում է

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Բելառուսում է: Ըստ տեղեկությունների՝ այցի շրջանակներում Բժանիան հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Տեղեկությունների համաձայն՝ հանդիպմանը «պետությունների ղեկավարները» քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

Բժանիան Բելառուսից կմեկնի Մոսկվա և կշարունակի «աշխատանքային այցի» շրջանակներում նախատեսված հանդիպումները։

Հարկ է նշել, որ պաշտոնական Մինսկը Բժանիայի այցի մասին դեռևս տեղեկություն չի հրապարակել։ Թբիլիսիում նույնպես պաշտոնական մեկնաբանություն չի արվել։

Ի դեպ, Աբխազիայի դե ֆակտո նախագահը Մոսկվա է մեկնել փետրվարի 14-ին։ Բժանիայի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, աշխատանքային այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահի վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Զեկույցում չի նշվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Պուտինի գրաֆիկում Աբխազիայի «նախագահի» հետ հանդիպում չկա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին Լուկաշենկոն ժամանել էր Վրաստանից չվերահսկվող Աբխազիա:

Լուկաշենկոյի՝ Աբխազիա այցի հետևանքները. դիվանագիտական հարաբերությունների խզումից մինչև վիզային ռեժիմի սահմանում