Գվարամիայի ազատ արձակման պահանջով ձևավորված շարժումը Զուրաբիշվիլիի հետ հանդիպում է պահանջում

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության անազատության մեջ գտնվող տնօրեն Նիկա Գվարամիայի ազատ արձակման պահանջով ձևավորված շարժումը պահանջում է հանդիպում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Շարժման անդամներն այսօր՝ փետրվարի 21-ին, նման խնդրանքով նամակ են ներկայացրել նախագահի աշխատակազմին։

Շարժման հիմնադիրներից Գեդևան Փոփխաձեն հույս է հայտնել, որ նախագահը չի հրաժարվի իրենց հետ հանդիպումից:

«Մենք կարծում ենք, որ երկրի եվրոպական ընտրությունը պահանջում է, որ Վրաստանում քաղաքական դրդապատճառներով ապօրինի բանտարկյալներ չլինեն: Մենք փաստարկներ ունենք, թե Նիկա Գվարամիայի ազատազրկումը որքան է վնասում երկրի միջազգային հեղինակությանն ու եվրոպական հեռանկարին»,- ասել է Փոփխաձեն:

Ի դեպ, օրեր առաջ՝ փետրվարի 16-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, քաղաքացիները և «Մթավարի արխի»-ի տնօրենի ընկերները Գվարամիային ազատ արձակելու պահանջով շարժում են հիմնել։

Հարկ է նշել, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահը միակ մարդն է, որ կարող է ներում շնորհել կալանքի տակ գտնվող ցանկացած անձի՝ անկախ նրա կատարած հանցագործության տեսակից։ Մի քանի ամիս առաջ՝ 2022 թվականի հունիսի 16-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղղակիորեն չպատասխանեց լրագրողների հարցին՝ ադյո՞ք ներում կշնորհի Գվարամիային:

Հիշեցնենք. 2022 թվականի նոյեմբերի 2-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կոլեգիան հրապարակեց Գվարամիայի դատավճիռը, ըստ որի՝ Գվարամիան դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման: Գվարամիան մեղավոր է ճանաչվել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարության օրոք լիազորությունները չարաշահելու համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորն այս որոշումը հրապարակեց այն ժամանակ, երբ Վրաստանն արդեն դիմել էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Գվարամիայի գործը ներառվել է Եվրախորհրդարանի բանաձևում, որն ընդունվել է հունիսի 9-ին։