Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները. վրացի ակտիվիստները Դավիթ Գարեջիում․ լուսանկարներ

Դավիթ Գարեջիի վանական համալիրում այս պահին բողոքի ակցիա անցկացնողները պատրաստվում են կենդանի շղթա կազմել՝ այդպիսով հավաստելով, որ դա Վրաստանի տարածքն է:

Ակցիայի մասնակիցներից Լեյբորիստական կուսակցության անդամ Դաթո Չխիրտիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմը այսօր որոշել է Դավիթ Գարեջիի վանական համալիրում նշել Ադրբեջանի անկախության օրը, ինչը նրանք թույլ չեն տա, քանի որ տարածքը վրացական է:

Ակցիայի մասնակիցները մեզ հետ զրույցում ասել են, որ օրեր առաջ բերդի վրա իրենց կողմից կանգնեցրած Վրաստանի դրոշը հեռացվել է, ուստի այդ հարցով իրենց բողոքն ուղղված է նաև Վրաստանի կառավարությանը:

Հասարակական ակտիվիստ Իրակլի Կակաբաձեն նշում է՝ թույլ չեն տալու, որ Ադրբեջանն օկուպացնի Գարեջիի համալիրը․ «Գարեջին դա Վրաստանն է, Չիչխիտուրին Վրաստանն է։ Ո՛չ Սոկարի դոլարներին, ո՛չ Գարեջիի օկուպացիային»։

Հիշեցնենք՝ վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի անապատի վանքը։

Այս պահին ինչպես տեղից հաղորդում է «Ալիք Մեդիայի» լրագրողը, ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է: