Բողոքի ցույց ընդդեմ «գործակալների մասին» օրենքի քննարկման

Այսօր՝ ապրիլին 8-ին Թբիլիսիում խորհրդարանի հետնամուտքի մոտ տեղի է ունենում բողոքի ցույց` ընդդեմ «գործակալների մասին» օրենքի խորհրդարանում քննարկմանը։ Բողոքի ցույցին մասնակցում են քաղհասարակության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անձինք՝ որոնք դեմ են օրենքի կրկին քննարկմանը։

Ցուցարարները պաստառներ են վեր պարզել «Այո՛ Եվրոպային, Ո՛չ ռուսական օրենքին» գրությամբ։

Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում ապրիլի 2-ին կայացած մեծամասնության նիստում ընդունված որոշումը հանրությանը ներկայացրել է ապրիլի 3-ին: Մդինարաձեն նշել է՝ «նոր օրինագծի տեքստը նման կլինի նախկինին, իսկ արտաքին ազդեցության գործակալ» տերմինը կփոխարինվի «օտարերկրյա տերության շահերը սպասարկող կազմակերպություն» բառով։

Ընդգծենք՝ 2023 թվականի մարտին «Վրացական երազանքը» չկարողացավ ընդունել «Օտարերկրյա գործակալների» օրենքը։ «Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ էր ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։ Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակները դա համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ուշագրավ է, որ փաթեթը քննադատել էին Վրաստանում ԱՄՆ դեսպանությունըԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: Աղմկահարույց օրինագծերը տապալվեցին և խորհրդարանից հետ կանչվեցին հասարակության բարձրացրած աղմուկի և բազմահազարանոց ակցիաների շնորհիվ: