Թբիլիսիի Աղմաշենեբելիի պողոտայի մի հատվածի վերականգնման համար հայտարարված մրցույթը չի կայացել։ Bpn.ge-ի փոխանցմամբ՝ Չուղուրեթիի շրջանում՝ Թամար Մեփեի պողոտայից մինչև Սանկտ Պետերբուրգի փողոց ընկած հատվածի վերականգնման նպատակով Թբիլիսիի քաղաքապետարանը գնման ընթացակարգը հայտարարել էր օգոստոսի 13-ին։ Կատարելիք աշխատանքի գնման արժեքը 6 միլիոն 696 հազար 865 լարի էր։
Հայտերի ընդունումն ավարտվում էր սեպտեմբերի 3-ին, սակայն, պարզվում է գնումների վեբկայքում առկա տեղեկությունից, մրցույթը չի կայացել։
Հայտնի է, որ քաղաքապետարանը նախատեսում է Աղմաշենեբելիի պողոտայի նշված հատվածում վնասված սալահատակը փոխարինել ասֆալտի նոր ծածկով։
Ճանապարհի վերականգնման շրջանակում ծրագրված է նաև մայթերի վերականգնում և անհրաժեշտության դեպքում վնասված գրանիտե ու տրավերտինե սալիկների փոխարինում նոր, համանման նյութով, բակերի մուտքերի և ճանապարհին հարող միացումների կարգավորում, ջրահեռացման համակարգի վերականգնում և նոր ջրատար հորերի տեղադրում։
Վերականգնման նախագծում ներառված է նաև տարածքում աղբամանների համար հատուկ տարածքի կառուցումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան ճանապարհային նշագծումը և նոր ճանապարհային նշանների տեղադրումը։