ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ներկայացուցիչ Պիտեր Անդրեոլին, Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է «Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին:
Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և ընթացիկ գործընթացները:
«Զրույցը վերաբերել է նաև Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության արդիական հարցերին: Ուշադրություն է դարձվել «Միջին միջանցքին» և Վրաստանի դերին՝ որպես տարածաշրջանային կապող օղակ։ Նաև քննարկվել է Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նաև չճանաչման քաղաքականության հարցը: Արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ հաստատել է վրացական կողմի ցանկությունն ու պատրաստակամությունը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «վերագործարկման» և ռազմավարական գործընկերության վերականգնման հարցում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Պիտեր Անդրեոլին Վրաստան է ժամանել մարտի 23-ին: Այցի ընթացքում Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Թամար Իոսելիանին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին է ներկայացրել նաև Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի իրականացման ընթացքը: