Անակլիայի նավահանգիստը տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական առանցքային դեր ունի. կարծիքներ

Անակլիայի նավահանգիստն ամենաառանցքային նախագիծն է, որն ունի երեք կարևոր նշանակություն՝ տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում են վրացի վերլուծաբանները:

Ըստ նրանց՝ Անակլիայի նավահանգիստը բազմակողմ տնտեսական օգուտներ կբերի Վրաստանին՝ սկսած զբաղվածությունից, վերջացրած տնտեսության ընդհանուր աճով:

Տնտեսագետ, Business Media Georgia-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ նոր նավահանգիստը Վրաստանում կարող է ծնունդ տալ լիովին նոր մասնագիտությունների՝ հին ավանդական մասնագիտությունների հետ մեկտեղ ստեղծելով նոր աշխատատեղեր։

«Սա Վրաստանի համար յուրօրինակ միջոց է՝ հիմնավորելու տարբեր երկրներից բեռների ընդունման, վերամշակման և առաքման սեփական գործառույթն ու գտնվելու վայրը։ Էլ չասեմ` բնիկների համար ծովով դեպի նոր երկրներ ուղևորվելու, ևս մեկ նոր ճանապարհ ունենալու բացառիկ հնարավորության մասին»,- նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով, նավահանգիստը չկառուցելու պատճառը դրա շուրջ ծագած վեճն է, որն ավարտվել է մի քանի տարի առաջ՝ կառավարության համար անընդունելի գործարարներին զրկելով նախագծի մշակմանը մասնակցելու հնարավորությունից։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին  կարծում է, որ ռուսական պատժամիջոցների ֆոնին կտրուկ աճել է Վրաստանի և ընդհանրապես հարավի տարանցիկ ճանապարհի նշանակությունը: Ըստ նրա՝ Վրաստանի տարանցիկ հնարավորությունները բավականին սահմանափակ են, հատկապես խորջրյա նավահանգստի պատճառով։

«Անակլիայի նախագիծը կմեծացնի այդ հնարավորությունները և կբացի Վրաստանն այն մեծ նավերի համար, որոնք խորջրյա նավահանգիստ են պահանջում: Քաղաքական առումով այս նավահանգիստը մեծ նշանակություն ունի Ռումինիայի և Բուլղարիայի նավահանգիստների վերակենդանացման, ինչպես նաև Վրաստանի արևմուտքի տնտեսական վերածննդի և որպես Աբխազիայի տարածքում բնակվող բնակչության գրավչության կենտրոն»,- ընդգծեց Մելաշվիլին:

Քաղաքագետը նկատում է՝ ռազմաքաղաքական առումով այս նավահանգստի դերը ևս մեծ է.

«Նման մեծ լոգիստիկ կենտրոնին անհրաժեշտ են պաշտպանություն և տարանցիկ ճանապարհի անվտանգության զգալի բարձրացում, ինչի համար անհրաժեշտ է Արևմուտքի առավել անմիջական ներգրավվածությունը, ինչը նաև զգալիորեն կբարելավի Վրաստանի անվտանգությունը»:

Մելաշվիլին ասաց, որ նավահանգստի կառուցման հետաձգման պատճառների մասին դժվար է խոսել՝ վարկածները շատ են, բայց այստեղ կարևորը ոչ այնքան վարկածներն են, որքան կորցրած ժամանակը, որի պատճառով երկրի զարգացումը կանգ է առել։

«Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծը չպետք է զոհաբերվի քաղաքական վախերին, ճղճիմ շահերին»,- ընդգծեց Մելաշվիլին:

Ըստ Անակլիայի զարգացման կոնսորցիումի, քաղաքական հետապնդումը էական վնաս է հասցրել Անակլիայի նախագծի զարգացմանը, ինչին հետևել են կառավարության որոշմամբ նախագծի «անօրինական դադարեցումը» և համապատասխան արբիտրաժային վեճերը:

Ընդգծենք, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Անակլիայի նավահանգիստը կկառուցվի պետության մասնակցությամբ։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ ինքը մի քանի ամիս առաջ հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը, և այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում նոր մրցույթի նախապատրաստման ուղղությամբ։

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը հույս ունի 2023 թվականի հունվարին ընտրել Անակլիայի նավահանգստի շինարարական ընկերությունը, և շինարարությունը կսկսվի նույն թվականին։

Ի դեպ, Սևծովյան ավազանի երկրներից Վրաստանը միակն է, որը մինչ օրս չունի խորջրյա նավահանգիստ։ 2017 թվականի դեկտեմբերի 24-ին Անակլիայում նավահանգստի շինարարության մեկնարկը տվեցին այն ժամանակվա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Անակլիայի զարգացման կոնսորցիումի հիմնադիր Մամուկա Խազարաձեն։

Այն ժամանակ Կվիրիկաշվիլին ասել էր, որ Անակլիայի նավահանգիստը 21-րդ դարի Վրաստանի ամենամեծ նախագիծն է և Վրաստանը արդյունաբերական երկիր դարձնելու երաշխիք։ Կվիրիկաշվիլին վարչապետի պաշտոնը լքել է 2018 թվականին:

2020 թվականի հունվարի 9-ին Վրաստանի կառավարությունը Գիորգի Գախարիայի վարչապետության օրոք հայտարարեց, որ խզում է պայմանագիրը «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» (պետք է կառուցեր Անակլիայի նավահանգիստը) հետ՝ պարտավորությունները չկատարելու պատճառով:

Հարկ է նշել նաև, որ «Անակլիայի զարգացման կոնսորցիումը» (ADC) հիմնադրել է Մամուկա Խազարաձեն` ներառելով Conti International-ը (ԱՄՆ) և TBC Hodling-ը (Վրաստան):

ADC-ն և նրա հոլանդացի ներդրող Բոբ Մեյերը արբիտրաժային վեճ են ծավալել Վրաստանի դեմ։ Մարտի 4-ին Վրաստանի ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ կառավարությունը նոր մրցույթ կհայտարարի Անակլիայի նավահանգստի կառուցման համար։

Դատարանը մեղավոր է ճանաչել Խազարաձեին, Ջափարիձեին և Ծերեթելիին