Անակլիայի նավահանգստի գաղափարը ծնվել է մեր թիմում. Բախտաձե

Անակլիայի նավահանգստի կառուցման գաղափարը ծնվել է մեր քաղաքական թիմում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ անդրադառնալով նախագծի իրականացման շուրջ առաջացած աղմուկին։

«Անակլիայի նավահանգիստը որպես գաղափար ծնվել է մեր քաղաքական թիմում, այն մեր տնտեսության ռազմավարության կարևորագույն մասն է: Խոսակցություններն այն մասին, թե կառավարությունում կան ծրագրին դեմ հանդես եկողներ, ուղղակի էժանագին շահարկումներ են»,- հայտարարել է վարչապետը:

Հիշեցնենք՝ Վրաստանի սևծովյան Անակլիա քաղաքում գործող իշխանությունները նախատեսել են խորջրյա նավահանգիստ կառուցել՝ այն դարձնելով երկրի ռազմավարական հանգույցը։