Անվտանգության անզեն երաշխավորները. UEMM-ը կրկին սահմանագծին է

Հոկտեմբերի 1-ին լրացավ 10 տարի, ինչ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (UEMM) Վրաստան-Հարավային Օսիա վարչական սահմանի հսկողություն է իրականացնում: Կազմակերպությունն այս տարիների ընթացքում տեղում ավելի քան 65 հազար պարեկային ստուգում է իրականացրել: Առաքելությունն աշխատակիցներ ունի 28 անդամ պետություններից: Առաքելության անդամներն ասում են, որ պատերազմից տասը տարի անց են իրենք շարունակել և շարունակելու են աշխատել՝ տարածաշրջանում կայունության ապահովման, մարդկանց իրավունքների պահպանման կամ վերականգնման, տեղի բնակիչների նորմալ և ապահով կյանքի, հակամարտության կողմերի միջև վստահության վերականգնման նպատակով.

«Հենց այս տարածքում են հանդիպում հակամարտության բոլոր կողմերը՝ վրացիները, օսերը, ռուսները, այդ հանդիպումները կայանում են մեր միջնորդությամբ՝ նախoրոք համաձայնեցված օրակարգով: Այստեղ մարդիկ փորձում են լուծել կենցաղային փոքր,  բայց շատ կարևոր խնդիրներ, ինչպիսիք են հողագործությունը, ոռոգումը և տեղաշարժման ազատությունը: Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սա շատ կարևոր է: Մենք անզեն վերահսկում ենք իրականացնում: Ժողովուրդը մեր ձեռքում զենք չի տեսնում, բայց տեսնելով մեր մեքենաներն ու Եվրամիության դրոշը՝ ավելի հանգիստ է իրեն զգում, որովհետև մենք ընկերական ենք, խոսում ենք նրանց հետ, ինչը նրանց անվտանգության զգացողություն է տալիս»,- Ալիքի հետ զրույցում ասում է Եվրոպական միության դիտորդական առաքելության խոսնակ Դեզ Դոյլը:

Շփման գծում հասնել կայունության: Ի սկզբանե սա է եղել առաքելության նպատակը: Առաքելությունն իրավասություն ունի վերահսկել կողմերի՝ պայմանագրով կնքած զինադադարը: Սա առաջին կետն է՝ կայունություն, ամենօրյա ռեժիմով համոզված լինել, որ կողմերից ոչ մեկը կրակը վերսկսելու մտադրություն չունի: Հավաքված տեղեկատվությունը զեկուցվում է Եվրոպային և միջազգային հանրությանը: Հսկողությունը շուրջօրյա է, գործում է թեժ գիծ, որին ընթացիկ տարվա տասը ամիսների կտրվածքով՝ 6 հազարից ավել զանգ է ստացվել:

Վրացական կողմն այս կամ այն տեղեկությունը ստանալու համար հենց այս միջոցին է դիմում, EUMM-ի ներկայացուցիչը նույն խնդրով կապ է հաստատում սահմանի այն կողմի հետ: Սա Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ շփման միակ միջոցն է, առաքելությունը սահմանը հատելու թույլտվություն մինչ այժմ չի ստացել: Ասում են՝ հույսները չեն կորցնում, որ մի օր կունենան նաև նման լիազորություն՝ սահմանից այն կողմ պատկերին լիարժեք տիրապետելու և առավել համապարփակ զեկույցներ ներկայացնելու համար: Չնայած սրան՝ ասում են, որ մի շարք տեղեկատվական հնարքների շնորհիվ, նաև սահմանը հատած քաղաքացիների հետ ակտիվ շփման արդյունքում լավագույնս տիրապետում են իրավիճակին:

Չնայած որ պաշտոնական իրավասությունների մեջ չի մտնում բնակչության հետ շփումը, սակայն այս անգամ էլ առաքելությունը շրջում է սահմանամերձ գյուղերում, հանդիպում արդեն ծանոթ բնակչությանը, ասում են՝ կարևոր է, որ դե ֆակտո սահմանին կից բնակվող մարդիկ ապահով զգան իրենց՝ իմանալով, որ իրենց անվտանգությունը հսկող կառույց կա տեղում:

Ասում են սա առաքելության մարտավարության երկրորդ կետն է՝  ծանոթ են տեղի բնակիչների բոլոր մտահոգություններին, հետևում են այս ամենին նաև մարդու իրավունքների տեսանկյունից: Հերթական մոնիթորինգի համար ընտրվել է երեք գյուղ, իրավիճակը վերահսկելի է:

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարի հետ հարցազրույցը  կարող եք դիտել հղումով: