Առաջ՝ դեպի երազանքներ․ ջավախքցի երիտասարադի հաջողության պատմությունը

Կոտրել կարծրատիպերն ու համառորեն գնալ երազանքի հետևից․ սա է ջավախքցի Գարիկ Գալստյանի հաջողությունների բանալին, որի շնորհիվ էլ  շաբաթներ առաջ մեկնել է Գերմանիայի Լայպցիգ քաղաք՝ իրականացնելու նպատակներից միանգամից մի քանիսը՝ մասնակցել ERASMUS+ կամավորական ծրագրին, տիրապետել գերմաներենին, պարարտ հող պատրաստել գերմանական բարձրակարգ համալսարաններից մեկում սովորելու համար։ 19-ամյա երիտասարդը մշտապես փորձել է ինտեգրվել վրաց հասարակությանը, մասնակցել տարբեր ծրագրերի, ինչպես նաև ստանալ եվրոպական կրթություն, ինչը, ի դեպ սովորաբար խնդիր է Վրաստանի հայերի համար, ովքեր վրաց լեզուն սովորելու տարիներին «բաց են թողնում» փոխանակման ծրագրերին մասնակցելու մի շարք հնարավորություններ։ 

Գարիկ Գալստյանն այժմ միջազգային մի շարք նախագծերում կամավոր է, դրանցից մեկի՝ ERASMUS+ ծրագրի European Ways e.V. կազմակերպության միջոցով նրան հաջողվել է հասնել Գերմանիա։ Նա միաժամանակ սովորում է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում, վրացերեն լեզվի նախապատրաստական ծրագրում (1+4), ապագա պլաստիկ վիրաբույժ է։

«Երբ ընդունվեցի Թբիլիսիի բժշկական պետական համալսարան՝ իմ առջև դրեցի նպատակ սովորել բժշկություն աշխարհի լավագույն համալսարաններից մեկում, շատ էի ուզում գնալ Գերմանիա, սկսեցի ինքնուրույն սովորել լեզուն, իսկ երբ ստացա առաջարկ մասնակցել փոխանակման ծրագրի Գերմանիայում՝ որպես կամավոր, սկսեցի հետաքրքրվել ծրագրով և հասկացա, որ պարտավոր եմ մասնակցել հարցազրույցին, մասնակցեցի ու ընդգրկվեցի լավագույնների շարքում» — «Ալիք Մեդիային» պատմում է Գալստյանը։

Գերմաներենը վաղուց է հետաքրքրել երիտասարդին, և ծրագրին մասնակցելու շարժառիթներից մեկն էլ հենց այն էր, որ կկարողանա ավելի հեշտ յուրացնել լեզուն։

«Քանի որ ուզում էի ուսում ստանալ արտերկրում, և ընտրել էի բժշկի մասնագիտությունը, կարծում եմ ավելի լավ հնարավորություն չէի կարող ստանալ՝ և՛ փորձ ձեռք բերելու, և՛ գիտելիքներս ամրապնդելու տեսանկյունից, ուստի որոշել եմ նաև այս ծրագրի ավարտից հետո մնալ այստեղ, ընդունվել Լայպցիգի համալսարան և բակալավրի կոչում ստանալ Գերմանիայում, իսկ հետո, թե ինչպես կդասավորվեն պլաններս՝ դեռևս չեմ կարող ասել»,-ասում է տղան։

Նա շատ է կարևորում կամավորության դերը երիտասարդների զարգացման գործում, նշում է, որ քաղաքացիական ակտիվիզմով ու կամավորությամբ սկսել է հետաքրքրվել դեռևս 13 տարեկանից․

«Առաջին քայլերս, որպես ակտիվ երիտասարդ արել եմ դեռևս 13-14 տարեկանում՝ մասնակցելով տարբեր ծրագրերի և սկսելով ուսումնասիրել լեզուներ, այդ ժամանակ սկսեցի հետաքրքրվել վրաց լեզվով․ գիտակցում էի, որ եթե ապրում եմ Վրաստանում՝ պետք է իմանամ վրացերեն, այնուհետև, երբ սկսեցի հետևել միջազգային ծրագրերին, խորացա անգլերենի մեջ և ի վերջո հասա արդյունքի»։

Նա արդեն 5 լեզվի է տիրապետում՝ մայրենի (հայերեն), վրացերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն։

«Յուրաքանչյուր ծրագրի մասնակցելուց միշտ շեշտում եմ իմ էթնիկ պատկանելիությունը, ընգծում եմ, որ հայ եմ Վրաստանից, լինելով էթնիկ փոքրամասնության ներկայացուցուցիչ՝ երբեք չեմ ունեցել որևէ խնդիր, թե՛ Վրաստանում, քանի որ կարող եմ ասել միշտ ինտեգրված եմ եղել վրաց հասարակությանը, և թե այժմ Գերմանիայում, քանի որ հասարակությունն առավելապես աջակցում է, երբ տեսնում են գերմաներեն եմ խոսում լավ են վերաբերվում, իհարկե անգլերենի դեպքում էլ, միշտ խրախուսում են, ինչն ավելի է մոտիվացնում — ասում է նա և շարունակում,- Իհարկե, այս ամենին հասնելու, նպատակներդ իրականացնելու համար աշխատասիրություն, ակտիվ լինելու և գործելու ցանկություն է հարկավոր, քանի որ ոչ մի ճանապարհ հեշտ չէ, դժվարությունները երբեմն ավելի են ոգևորում»։

Ապագայի պլանների մասին խոսելիս՝ ապագա վիրաբույժը նշում է, որ արտասահմանում ուսումնառության մի շարք ծրագրեր ունի, առաջիկայում նախատեսել է մասնակցել տարբեր ծրագրերի ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում, Վրաստանում, Հայաստանում և այլն․

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Գալստյանը կիսվում է խորհուրդներով այն պատանիների հետ, ովքեր ունեն նման նպատակներ և ուզում են դառնալ ակտիվ քաղաքացիներ․

«Մեր շրջանում  դպրոցահասակների մոտ տարածված է ձախողվելու վախը, շատերը կարող են անել ավելին, սակայն չեն ուզում, շատերը ուզում են, սակայն կան խանգարող հանգամանքներ, առաջին հերթին պետք է գտնես ինքդ քո հետաքրքրության ոլորտը, լինել շատ ակտիվ, ձեռքից բաց չթողնել ոչ մի հնարավորություն, ժամանակ հատկացնել ինքնազարգացմանը և չլինել տարածված կարծրատիպերի զոհը»։