Արևմտամետ ընդդիմադիր ուժերը միասնական շարժում կձևավորեն. Վաշաձե

Մենք աշխատում ենք ընդհանուր եվրոպամետ շարժում ստեղծելու ուղղությամբ, որը կազատի Վրաստանը ռուսամետ «Վրացական երազանքից»: Այս մասին ասել է «Ռազմավարություն՝ Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն՝ պատասխանելով «Լելո», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» և «Ռազմավարություն՝ Աղմաշենեբելի» ուժերի հնարավոր միավորման մասին հարցին։

Վաշաձեի խոսքով՝ այսօր ընտրություններ չկան, ուստի կոալիցիա ստեղծելու մասին խոսք գնալ չի կարող։

«Մենք պետք է սկսենք ընդհանուր եվրոպամետ շարժում, որում կհամագործակցենք բոլոր արևմտամետ ուժերի հետ, բայց դա միայն քաղաքական շարժում չի լինելու, այն պետք է լինի լայնածավալ քաղաքական-հասարակական շարժում, որպեսզի փակուղում հայտնված Վրաստանը փրկվի իշխանության ղեկին գտնվող այս ռուսամետ ուժից»,- ասել է ընդդիմադիր ուժի ղեկավարը։

Հարցին, թե կարո՞ղ են միավորվել մեկ կուսակցության մեջ, Վաշաձեն նշում է, որ ինքը բոլորովին այլ բանի մասին է խոսում։

«Ես բոլորովին այլ բան ասացի, մենք աշխատում ենք ընդհանուր եվրոպամետ շարժման վրա, որը կփրկի Վրաստանը ռուսամետ «Վրացական երազանքից» և գողացված հայրենիքը կվերադարձնի ժողովրդին»,- ասել է Վաշաձեն։